Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գերակայություններին։

Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Քննարկման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտության ոլորտի գնահատման չափանիշները, ընդհանրական ցուցիչները, հետազոտությունների և մշակումների համակարգի գործունեության սխեմաները, ինչպես նաև ծրագրի ներդաշնակեցումը այլ ռազմավարական նախաձեռնությունների հետ։

«Ներկայացվել են ծրագրի տեսլականն ու նպատակները, արդյունքային շրջանակը և գիտության ոլորտի գերակայությունները։ Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, ինչպես նաև ոլորտի վերակազմավորում և առաջխաղացում»,– նշվել է քննարկման ընթացքում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանը, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն