Հետազոտական դրամաշնորհներն ու գիտասարքերի ձեռքբերումը՝ վտանգված․ կառավարությունը նվազեցրել է գիտության ֆինանսավորումը

Նելլի Մուրադյանն ու Սուրեն Դավիթավյանը հետազոտություններ են իրականացնում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ Նելլին նոր է ավարտել ասպիրանտուրան և պատրաստվում է ատենախոսությունը պաշտպանել, իսկ Սուրենը նպատակ ունի հիմնելու իր գիտական խումբը։ Երիտասարդ գիտնականները, որոնք իրենց գիտական կարիերան պատկերացնում են Հայաստանում, մտահոգված են և անորոշություն ունեն ապագա պլանների հարցում, քանի որ կառավարությունը որոշել է 2026-ին գիտության ֆինանսավորումը 2025-ի համեմատ կրճատել մոտ 14%-ով։ 

Ֆինանսավորման նման կրճատումը հարցականի տակ է դնում 2026-ի ընթացքում գիտնականների համար դրամաշնորհային նոր մրցույթների անցկացումը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերը, որոնք թափ էին առել հատկապես վերջին մի քանի տարիներին՝ պայմանավորված գիտության ֆինանսավորման զգալի աճով, գիտնականներին հնարավորություն էին տալիս նոր թիմեր ձևավորելու՝ այդ թվում արտասահմանյան առաջատար գիտնականների ներգրավմամբ, գիտական կարևոր սարքավորումներ ձեռք բերելու, մեկնելու արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններ վերապատրաստումների, մրցունակ թեմաներով հետազոտություններ իրականացնելու։ Սակայն կառավարության հատկացրած միջոցներն այս տարի կբավականացնեն միայն նախորդ տարիներին հայտարարված մրցույթները սպասարկելու համար (ծրագրերից շատերը տևում են մի քանի տարի)։

Նելլի Մուրադյանը դեռ մագիստրատուրայում սովորելու տարիներին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (ԲԿԳԿ) Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում աշխատանքի անցավ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Կենսագործընթացների համակարգչային մոդելավորման լաբորատորիայում։ Այս ծրագրի պարտադիր պայմաններից է ֆինանսավորում ստացած թիմերում ուսանողների ներգրավումը։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին Նելլին Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագրի շահառու էր։ Գիտական աստիճան ստանալուց հետո էլ նա պլանավորում էր դիմել Գիտական կադրերի վերապատրաստման ծրագրին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ գիտնականներին մի քանի ամսով վերապատրաստում անցնելու արտասահմանյան բուհերում ու գիտական կենտրոններում։ Սակայն Նելլին չգիտի՝ այդ մրցույթն այս տարի կանցկացվի՞, թե՞ ոչ։ 

Իսկ Սուրեն Դավիթավյանը, որ Մարդու գենոմիկայի լաբորատորիայի գիտաշխատող է, մտադիր է ստեղծել իր գիտական խումբը։ Նույն անորոշությունը Սուրենի մոտ է․ նա չգիտի՝ այս տարի գիտական թիմերի մեկնարկի համար տրվող մրցույթներ հայտարարվելո՞ւ են, թե՞ ոչ։ Հայտնի է միայն, որ 2026-ի բյուջեով գիտությանը հատկացված միջոցները դրամաշնորհային նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն չեն տալիս։

Գիտության բյուջեն՝ թվերով

Կառավարությունը 2026-ի բյուջեով հետազոտություններին ու մշակումներին հատկացրել է 34 մլրդ դրամ, ինչը մոտ 14 %-ով պակաս է նախորդ տարվանից (նախորդ տարի հատկացվել է մոտ 40 մլրդ)։ 

Ստորև կարող եք տեսնել, թե 2020-ից սկսած՝ որքան է կառավարությունը բյուջեով հատկացրել գիտությանը, և որքան է փաստացի ծախսվել։ 2025-ի տվյալներին պետք է վերաբերվել վերապահմամբ, քանի որ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է միայն առաջին 9 ամիսների փաստացի ծախսերը։

Հայաստանի պետական բյուջեում հետազոտություններին և մշակումներին ուղղված միջոցներն արտացոլվում են երկու ծրագրերում։ Առաջինը Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիրն է, որը հատկացվում է ԿԳՄՍՆ-ին։ Այս ծրագրով են պահպանվում գիտական ենթակառուցվածքները, տրամադրվում գիտնականների աշխատավարձերը, հայտարարվում հետազոտական դրամաշնորհներ և ձեռք բերվում գիտական սարքավորումներ։

Երկրորդը Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրն է (նախկինում՝ Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ), որը տրամադրվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս ծրագրով ֆինանսավորվում են պաշտպանական և անվտանգային նշանակության հետազոտություններն ու դրանց հիման վրա իրականցվող մշակումները, արտադրությունը։

Գիտական համայնքում հատկապես մտահոգություններ է առաջացրել  Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի ֆինանսավորման նվազեցումը․ նախորդ տարվա մոտ 34 մլրդի փոխարեն այս տարի հատկացվել է 29 մլրդ դրամ։

Պետք է, իհարկե, հաշվի առնել, որ ոչ միշտ է հատկացված բյուջեն ամբողջությամբ ծախսվում, և փաստացի ծախսերը կարող են տարբեր լինել։ 2025-ի օրինակով դա դեռ տեսնել չենք կարող, քանի որ Ֆինանսաների նախարարությունը չի ամփոփել ամբողջական տվյալները։ Իսկ 2024-ի օրինակով պարզ է դառնում, որ բյուջեով այս ծրագրի համար նախատեսված է եղել մոտ 36 մլրդ դրամ, որից ծախսվել է 32 մլրդ դրամը։

Ստորև կարող եք տեսնել, թե 2020-ից սկսած՝ պետական բյուջեով որքան գումար է նախատեսված եղել Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի համար, և որքան է փաստացի ծախսվել։

Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում հատկապես կարևոր նշանակություն ունեն երեք միջոցառումներ, որոնց շրջանակում ԲԿԳԿ-ն հայտարարում է հետազոտական դրամաշնորհային մրցույթներ և ձեռք բերում գիտական սարքեր։ Ստորև կարող եք տեսնել, թե ինչպես է փոխվել նշված միջոցառումների համար նախատեսված ու փաստացի ծախսված բյուջեն՝ սկսած 2020-ից (թերթեք՝ բոլոր միջոցառումները տեսնելու համար)։

Հետաքրքիր է, որ երկրորդ՝ դրամաշնորհային ծրագրերի միջոցառմանը բյուջեի՝ e-draft հարթակում շրջանառության մեջ դրված  նախագծով նախատեսվում էր հատկացնել շատ ավելի քիչ՝ 6․5 մլրդ դրամ, իսկ բյուջի արդեն հաստատված տարբերակում նախատեսվում է 8․4 մլրդ դրամ, ինչը, սակայն, նախորդ տարվանից պակաս է 7%-ով։

Եթե Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրին հատկացվեր 6․5 մլրդ դրամ, հնարավոր չէր լինի սպասարկել նույնիսկ դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մի մասը, և միայն 8․4 մլրդ դրամի պայմաններում ընթացիկ ծրագրերն այս տարի կֆինանսավորվեն։ Իսկ գիտական սարքերի ձեռքբերման դեպքում պատկերն այլ է․ այս միջոցառման բյուջեի՝ մոտ 60%-ով կրճատման պատճառով հնարավոր չի լինի ոչ միայն նոր սարքերի ձեռք բերման մրցույթներ հայտարարել, այլ նաև անցած տարիների մրցույթներում հաղթած որոշ գիտասարքեր գնել։

Կառավարությունը բավարար միջոցներ տրամադրելու համար հիմնավորումների կարիք ունի

Պայմանավորված վերջին տարիներին գիտության ֆինանսավորման շարունակական աճով՝ ԲԿԳԿ-ն մի շարք դրամաշնորհային ծրագրեր է ներմուծել, ինչպիսիք են, օրինակ, Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների աջակցության, Հեռավար լաբորատորիաների ստեղծման (լաբորատորիաներ, որոնք հեռավար ղեկավարում են արտասահմանցի առաջատար գիտնականներ), Գիտական կադրերի վերապատրաստան ծրագրերը։ Վերջին 5 տարիներին Կոմիտեի անցկացրած դրամաշնորհային մրցույթների թիվը հասնում է 82-ի, այս մրցույթների շահառու է դարձել 2033 գիտնական/գիտական թիմ։ Ստորև կարող եք տեսնել մրցույթների ու շահառուների թիվը՝ տարիների կտրվածքով (թերթեք բոլոր պատկերները տեսնելու համար)։

Չնայած որ 2026-ի բյուջեով միջոցներ նախատեսված չեն, ԲԿԳԿ-ն այս տարի կհայտարարի մի քանի կարևոր մրցույթներ՝

  • Հեռավար լաբորատորիաների ստեղծման, 
  • Հայաստանի գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրման,
  • Հայաստանի գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc»,
  • Գիտական կադրերի վերապատրաստման ծրագրերը։ 

 

ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ սրանք այն ծրագրերն են, որոնք ունեն բարձր արդյունավետություն և ստացել են դրական արձագանքներ։

Իսկ ինչպե՞ս է ապահովվելու այս ծրագրերի ֆինանսավորումը, եթե պետական բյուջեով միջոցներ նախատեսված չեն։ Արթուր Մովսիսյանը նշում է՝ այս տարի Ազգային ժողովը բյուջեի նոր՝ 6-րդ հավելված է ընդունել, որով սահմանվել են տարբեր գերատեսչությունների համար առաջնահերթ միջոցառումներ։ ԿԳՄՍՆ-ի նման միջոցառումների թվում են գիտական ենթակառուցվածքների արդիականացման, դրամաշնորհային հետազոտությունների և գիտական սարքերի ձեռքբերման միջոցառումները։  Համապատասխան միջոցների առկայության դեպքում հնարավոր է, որ կառավարությունը, բացի բյուջեում նախատեսված միջոցներից, այդ միջոցառումներին հատկացնի լրացուցիչ միջոցներ՝ համապատասխանաբար 1․13 մլրդ դրամ, 1․1 մլրդ դրամ, երրորդին՝ լրացուցիչ 5․16 մլրդ դրամ, ընդհանուր առմամբ՝ մոտ 7․4 մլրդ դրամ։

«Դրանք այն ծրագրերն են, որոնք, ըստ Ֆինանսների նախարարության՝ գերատեսչությունները չեն կարողացել բավականաչափ հիմնավորել բուն բյուջեի ծրագրում արտացոլվելու համար, բայց կարողացել են բավարար հիմնավորել առաջնահերթությունների մեջ արտացոլվելու համար»,- ասում է Արթուր Մովսիսյանը։

Այս լրացուցիչ միջոցների ներգրավումը հնարավորություն կտա 2026-ին ֆինանսավորելու վերը նշված 4 ծրագրերը, ամբողջությամբ կատարելու նախորդ տարիների մրցույթներում հաղթած կազմակերպությունների գիտասարքերի գնումները, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտասարքեր։

Կարևոր է շեշտել, որ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում տեղ գտած ձևակերպումը հիմք չի տալիս պնդելու, թե այդ միջոցներն անպայման հատկացվելու են․ «Սույն օրենքի N 6 հավելվածում ներառված ծախսային ծրագրերը դիտարկվում են որպես առաջնահերթություն, և Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների առկայության պայմաններում (Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բարենպաստ միջավայրի և այլ գործոններով պայմանավորված), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի սահմանաչափի ավելացման պարագայում այդ ծրագրերի ֆինանսավորումը պետք է իրականացվի առաջնահերթ կարգով, կապիտալ ծախսերի համար հիմք ընդունելով համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա այդ աշխատանքների արժեքների ճշգրտումները»։

Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու է կառավարությունը լրացուցիչ հիմնավորումների սպասում դրամաշնորային ծրագրերին ու գիտասարքերի ձեռքբերմանը բավարար միջոցներ հատկացնելու համար հենց բուն բյուջեում։

Պատասխանելով այս հարցին՝ Արթուր Մովսիսյանը նշում է՝ չի նախանձում ֆինանսների նախարարության գործընկերներին, քանի որ բոլոր գերատեսչությունները միշտ ցանկանում են ավելին, քան պետության հնարավորությունն է։ Նա բնական է համարում, որ ոչ միշտ է Ֆինանսների նախարարությունը այս կամ այն միջոցառմանը տրամադրում այնքան ֆինանսավորում, որքան տվյալ գերատեսչության ներկայացրած բյուջետային հայտն է։ ԲԿԳԿ նախագահի տեղակալը հիշում է՝ անգամ այն տարում, երբ իրենց բյուջեն նախորդ տարվա համեմատ 80%-ով աճել էր, իրենք շատ ավելի մեծ ֆինանսավորման հայտ էին ներկայացրած եղել։

Անդրադառնալով հարցին, թե ինչու չկային բավարար հիմնավորումներ այս տարվա բուն բյուջեում առնվազն վերը նշված 7․4 մլրդ դրամը ներառելու համար, Արթուր Մովսիսյանը նշում է՝ պատճառը կարող էր լինել այն, որ 2024-ին Կոմիտեն դրամաշնորհային մրցույթների համար ծասել է բյուջով պլանավորածից պակաս գումար (պլանավորված է եղել մոտ 9․3 մլրդ, փաստացի ծախսվել է մոտ 6․5 մլրդ)։ Պատճառը, ըստ ԲԿԳԿ նախագահի տեղակալի, այն է, որ տարին Կոմիտեի համար անցումային էր (Գիտության կոմիտեն, բարձրագույն որակավորման կոմիտեն և Բարձրագույն կրթության վարչությունը նոր էին միավորվել մեկ կառույցում), և որոշ մրցույթներ հայտարարվեցին ու սկսեցին ֆինանսավորվել շատ ավելի ուշ, քան նախատեսվում էր։ Արդյունքում, եթե, օրինակ, որևէ ծրագիր պիտի ֆինանսավորվեր 5 ամիս, ֆինանսավորվեց 2 ամիս, և ծախսվեց նախատեսվածից պակաս գումար։ 

Այս բոլոր ծրագրերը, սակայն, տեղափոխվեցին 2025, ապա՝ 2026՝ հաջորդ տարիներ տանելով պայմանագրային պարտավորություններ։ Հետևաբար՝ նոր մրցույթներ հայտարարելու համար կարիք առաջացավ լրացուցիչ միջոցների։ 

ԲԿԳԿ նախագահի տեղակալն ընդգծում է, որ չնայած դրան՝ գիտական ենթակառուվածքների արդիականացման համար նախատեսված մոտ 13․8 մլրդ դրամի փոխարեն իրենք 2024-ին ծախսեցին 14․6 մլրդ դրամ։ Իսկ 2025-ին արդեն, Արթուր Մովսիսյանի խոսքով, իրենց կատարողականը հաստատված բյուջեի համեմատ ավելի քան 95% էր։ 

ԲԿԳԿ նախագահի տեղակալը հույս է հայտնում, որ եթե այս տարի հայտարարեն պլանավորած 4 մրցույթները և դրանց ամփոփված արդյունքները ներկայացնեն կառավարության գործընկերներին, դա կլինի համոզիչ հիմնավորում բյուջեի 6-րդ հավելվածում նշված լրացուցիչ 7․4 մլրդը հատկացնելու համար։

Իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հարցին անդրադարձավ նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` անտեղին համարելով գիտության ֆինանսավորումը կրճատելու մասին մտահոգությունները։ Նախարարը հիշեցրեց, որ ընթացիկ ծրագրերը ֆինանսավորվելու են, նաև համոզմունք հայտնեց` նոր ծրագրեր լինելու դեպքում բյուջեի 6-րդ հավելվածում նշված լրացուցիչ միջոցները կհատկացվեն։

«Այդ միջոցները կհատկացվեն այն ծրագրերին, որոնք կլինեն արդիական, կլինեն կարևոր պետության համար, և դրանց ֆինանսավորումը կդիտվի նպատակահարմար»,- ասաց նախարարրը։

Իսկ թե ինչու մինչ այդ հնչած հիմնավորումները Ֆինանսների նախարարության համար բավարար չէին, կամ արդյո՞ք լրացուցիչ միջոցներն իսկապես կհատկացվեն, չենք կարող իմանալ․ Ֆինանսների նախարարությունը հրաժարվեց «Ինֆոքոմին» մեկնաբանություն տալ։

Հետաքրքիր է, որ հետազոտությունների և մշակումների բյուջեի կրճատման ֆոնին կառավարությունն այս տարի նախատեսում է  Ակադեմիական քաղաքի ստեղծմանը 4 մլրդ դրամ հատկացնել, ինչը երկուսուկես անգամ գերազանցում է նախորդ տարի նախատեսված բյուջեն («Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին մանրամասները կարող եք դիտել «Ինֆոքոմի» ֆիլմում)։ 

Եթե  մինչև 2024-ը Ակադեմիական քաղաքին հատկացվող ծախսերը ներառված էին հենց Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրում, ապա նախորդ տարվանից քաղաքի կառուցումը ֆինանսավորվում է առանձին ծրագրով։ Ստորև կարող եք տեսնել, թե վերջին 4 տարում որքան բյուջե է նախատեսվել ու փաստացի ծախսվել քաղաքի համար։

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ֆինանսավորման կրճատումը

Վերջին տարիներին գիտության մեջ նկատվում են որոշակի դրական տեղաշարժեր․ ֆինանսավորման աճը հնարավորություն է տվել բարձացնելու գիտնականների աշխատավարձերը, ձեռք բերելու նոր սարքավորումներ, ձևավորելու գիտական նոր թիմեր, որոնցում ներգրավվել են երիտասարդ կադրեր։ Գիտնականների թվի ոչ մեծ, բայց որոշակի աճ կա, և դա զգալի է հատկապես երիտասարդ տարիքային խմբերում (մանրամասները կարող եք կարդալ «Ինֆոքոմի» հոդվածում

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ Նելլի Մուրադյանն ու Սուրեն Դավիթավյանը նշում են, որ վերջին տարիներին ֆինանսավորման բարձրացումը դրական ազդեցություն է ունեցել ոլորտի վրա։

«Առաջատար հետազոտությունների ծրագրի շրջանակներում մենք մեծ քանակությամբ սարքավորումներ կարողացանք ձեռք բերել, արդեն ավելի մեծ հնարավորություններով համակարգչային կլաստեր ունենք։ Երբ մենք նոր էինք սկսում, երևի թե 5-6 հոգի էինք թիմում, դրամաշնորհի շնորհիվ  հիմա արդեն 10 հոգի ենք, որովհետև ամեն տարի կարողանում ենք ներգրավել բակալավրի կամ մագիստրատուրայի ուսանողի։ Բայց նաև միշտ պակաս կա․ պետք է ավելի հզորացնել, ավելի մեծ քանակությամբ մարդկանց ներգրավել»,- ասում է Նելլին։

Սուրեն Դավիթավյանն էլ հավելում է, որ գիտասարքերի ձեռքբերման գործընթացը պիտի շարունակական բնույթ կրի, քանի որ տեխնոլոգիաներն ու սարքավորումները զարգանում են, ու որոշ ժամանակ անց դրանք թարմացնելու կարիք է լինում։ 

Գիտնականները նաև նշում են՝ աշխատավարձերն, իհարկե, բարձրացել են, բայց հասցվել են Հայաստանի միջին աշխատավարձերի մակարդակին։ Մինչդեռ, եթե գիտնականներից լավ արդյունք է ակնկալվում, ապա աշխատավարձերի դեպքում ևս աճը պիտի շարունակական լինի։  

Նելլիին ֆինանսավորման կրճատմամբ պայմանավորված մտահոգությունների թվում նշում է ևս մեկը, որը ոչ թե անմիջապես իրեն, այլ գիտությամբ հետաքրքրված ուսանողներին է վերաբերում։

«Եթե ասպիրանտներին տրվող դրամաշնորհները չլինեն, դա նվազեցնելու է երիտասարդների հոսքը դեպի գիտություն։ Այն ուսանողները, որոնք ուզում են, օրինակ, մեր լաբորատորիա դիմել, նրանց համար գրավիչ ինչ֊որ մի բան էր, որ կարող էին ունենալ իրենց սեփական դրամաշնորհը, փոքր չափի աշխատավարձ, փոքր բյուջե, որով կկարողանային գործուղման գնալ կամ կոնֆերանսների մասնակցել»,- ասում է Նելլին։

Սուրենն ընգծում է, թե այս անորոշությոնը որքան է խանգարում գիտնականներին հետազոտությունների պլանավորման հարցում։

«Ինֆորմացիայի պակասը թույլ չի տալիս գիտնականին պլանավորել իր բազային առաջին տարին, եթե չխոսենք ավելի հեռանկարային պլանների մասին, օրինակ` 5, 10 տարի։ Դա գիտության համար շատ վատ է, որովհետև ցանկացած հիպոթեզ առաջ քաշելիս, հետազոտություն սկսելիս դու պետք է գնահատես, թե ինչքան ժամանակ ես դրանով զբաղվելու, ինչքան է ակտուալ դա լինելու։ Ու եթե չունես այդ ժամկետները, սկսելը դառնում է շատ կասկածելի գործ»,- ասում է գիտնականը։

Նելլին էլ հավելում է՝ երիտասարդ կադրերի համար կարևոր է ունենալ պայմաններ հենց Հայաստանում հետազոտություններ իրականացնելու համար։

«Մեծ մասիս հուզում է նաև այն, որ մենք ընտրել ենք գիտությամբ զբաղվել հենց Հայաստանում և ուզում ենք Հայաստանում էլ շարունակել։ Չենք ուզում՝ ինչ֊որ պահի ստեղծվի իրավիճակ, որ հասկանանք՝ պետք է գնանք, քանի որ այստեղ այլևս չենք կարողանում ո՛չ զարգացում ապրել, ո՛չ բավարար միջոցներ վաստակել։ Բոլորիս նպատակն է Հայաստանը զարգացման տանել գիտության շնորհիվ»,- ասում է երիտասարդ գիտնականը։

Մոլեկուլային կենսաբանության ինտիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ևս մտահոգված է գիտական համակարգի կայունության ու երիտասարդ կադրերին ոլորտում պահելու խնդրով։

«Մի քանի տարվա մեջ բավականաչափ պոտենցիալ է  հավաքվել, ու հիմա այս փոփոխությունները շատ բացասական կարող են անդրադառնալ, քանի որ արդեն պիտի սկսեինք նորմալ արագությամբ, արդյունավետությամբ առաջ գնալ։ Հիմա այս փոփոխությունը մի կողմից դանդաղացնելու է [գործընթացները], մյուս կողմից գիտահետազոտական համակարգի նկատմամբ երիտասարդների վստահությունն է գցելու։ Նրանք երկարաժամկետ պլաններ ունեին, ու հիմա այդ պլանները ճանապարհի կեսից սկսում են կտրուկ փոխվել»,- ասում է Արսեն Առաքելյանը։

Ֆինանսավորման կրճատումը կարող է վատ անդրադառնալ նաև այն գիտական թիմերի վրա, որոնց ընթացիկ դրամաշնորհներն այս տարի ավարտվում են, ու որոնք նախատեսում էին դիմել նոր ծրագրերի։

«Մեր ինստիտուտում, օրինակ, գործում է Առաջատար հետազոտությունների 4 ծրագիր, ամեն ծրագրում՝ մոտ 9 հոգի, այսինքն՝ ավելի քան 30 հոգի, և դրամաշնորհների ավարտից հետո միանգամից կրճատվելու են նրանց աշխատավարձերը»,- ասում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը։

Ինչպե՞ս պիտի ապահովվի ոլորտի շարունակական զարգացումը, երիտասարդ կադրերի հոսքն ու արդյունավետ սերնդափոխությունը գիտության նվազող ֆինանսավորման պայմաններում։ Պատասխանելով այս հարցին՝ Արթուր Մովսիսյանն առաջարկում է չխոսել միայն մեկ ընթացիկ տարվա մասին։ 

«Պետությունն «Ակադեմիական քաղաք» խոշոր ծրագիրն է իրականացնում, և մեր ծրագրերով մենք նաև կարողություններ ենք զարգացնում, ապագա Ակադեմիական քաղաքի բնակիչներին ենք պատրաստում, որոնք հետագայում Ակադեմիական քաղաքում իրագործելու են իրենց գիտական խնդիրները։ Եվ այո՛, նաև այդ կոնտեքստում մենք իրավունք չունենք որևէ տարի չաճեցնելու այդ կարողությունները»,- ասում է ԲԿԳԿ նախագահի տեղակալը։

Ֆինանսավորման կրճատումը նաև հակասում է կառավարության ռազմավարական նպատակներին։ Մասնավորապես՝ շրջանառության մեջ է դրվել Հայաստանի «Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի» նախագիծը, որի թիրախներից է 2030-ին պետբյուջեից գիտությանը տրվող հատկացումները հասցնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0․75%-ին։ 2024-ի տվյալներով պետբյուջեից գիտությանը հատկացված միջոցները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են 0․41%, իսկ փաստացի ծախսերը՝ 0․33%։ Սա նշանակում է, որ ռազմավարության նախագծով նախատեսված թիրախին հասնելու համար մինչև 2030 այդ միջոցները պիտի գրեթե կրկնակի ավելանան։ Ստորև կարող եք տեսնել վերջին տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ գիտությանը հատկացված միջոցները, փաստացի ծախսերն ու կառավարության՝ 2030-ի թիրախը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է կառավարությոնը հասնելու իր ռազմավարական թիրախին ֆինանսավորման կրճատման պայմաններում, ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշում է՝ եթե գումարենք կառավարության ընդունած բոլոր ռազմավարությունների մեջ արտացոլված գումարները, կստացվի մեր երկրի բյուջեի տասնապատիկը կամ գուցե ավելին։

«Դա չի նշանակում, որ ուշադրություն չենք դարձնում ռազմավարական նպատակներին և չենք կատարում դա։ Պարզապես ռազմավարության մեջ նշված բոլոր միջոցառումները չեն, որ․․․ Առհասարակ՝ ցանկացած ծրագրի բոլոր կետերը չեն, որ իրագործվում են։ Այսինքն՝ դու ընդունում ես ռազմավարություն և դիտարկում ես անհրաժեշտ լավագույն իրատեսական գումարը, որ հասնես քո ռազմավարական նպատակներին, թիրախներին, բայց ընթացքում որևէ բան ավելի ես անում, որևէ բան՝ պակաս»,- նշում է Արթուր Մովսիսյանը։

ԲԿԳԿ նախագահը, սակայն, վստահեցնում է՝ առաջիկայում ջանք ու եռանդ չեն խնայի կառավարության գործընկերներին բավականաչափ հիմնավորելու իրենց ծրագրերը, որոնք, իրենց դիտարկմամբ, կարևոր են թե՛ Ակադեմիական քաղաքի, թե՛ ռազմավարական թիրախներին հասնելու համատեքստում։