Բրյուսելը նոր պատժամիջոցներ կառաջարկի Իրանի նկատմամբ. Լայեն | azatutyun.am

azatutyun.am Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհերի թվի կտրուկ աճից հետո՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը նոր պատժամիջոցներ կառաջարկի Իրանի նկատմամբ:

«Իրանում զոհերի աճող թիվը սարսափեցնող է։ Ես միանշանակ դատապարտում եմ ուժի կիրառումը և ազատության շարունակական սահմանափակումը», – գրել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ հավելելով. «Բռնաճնշումների համար պատասխանատուների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներն արագորեն կառաջարկվեն»:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ՝ ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։

«ԵՄ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման գործունեության և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից տարվող պատերազմին Թեհրանի աջակցության համար», – գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում ասել է Կայա Կալլասը՝ ընդգծելով. «Ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան ռեժիմի կողմից ցուցարարների նկատմամբ դաժան բռնաճնշումների»:

Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ մոտ երկու հազար մարդ է զոհվել, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյաներից մեկը:

Երկրում ինտերնետն ու հեռախոսակապը դեռ անհասանելի են, թեև հաղորդումներ կան, որ երկրից հնարավոր է եղել որոշ միջազգային զանգեր անել: Իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են՝ զոհերի թիվը կարող է ավելանալ: Այս պահին Իրանից լուրեր չեն ստացվում, թե արդյոք հակակառավարական ցույցերը շարունակվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն