Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ռազմական միջամտության համար պատրվակ ստեղծելու համար | armenpress.am

armenpress.am ԱՄՆ-ի բոլոր գործողությունները միտված են Իրանի գործերին ռազմական միջամտության համար պատրվակ ստեղծելուն, սակայն Վաշինգտոնն անհաջողության կմատնվի: Այս մասին հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունում։

«ԱՄՆ-ի երևակայություններն ու քաղաքականությունն Իրանի նկատմամբ հիմնված են ռեժիմի փոփոխության վրա, իսկ պատժամիջոցները, սպառնալիքները, կազմակերպված անկարգությունները և քաոսը ծառայում են որպես ռազմական միջամտության համար պատրվակ ստեղծելու միջոց», – ասվում է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության նամակում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Իրանական ներկայացուցչությունում նշել են, որ «այս սցենարն արդեն քանիցս ձախողվել է»։

«Իրանի ժողովուրդը կպաշտպանի իր երկիրը, և, անկասկած, սա (խմբ.՝ Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերը) կրկին անհաջողությամբ կպսակվի», – ամփոփել են մշտական ​​​​ներկայացուցչությունում։

Հիշեցնենք, որ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։

«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ հայտարարել էր Իրանի իշխանությունների հետ բանակցությունների մտադրության մասին, սակայն հետո չեղարկել էր դրանք։ ԱՄՆ նախագահը պարբերաբար կոչ է անում ցուցարարներին չդադարեցնել բողոքի ակցիաները՝ միաժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կդիտարկի Իրանին «պատժելու» տարբերակներ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն