Հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ, դա շատ լավ նորություն է. վարչապետ | 1lurer.am

1lurer.am  Մենք հասկացանք, որ հնարավոր չէ էս թնջուկից դուրս գալ՝ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու: Այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այդ որոշումները չկայացնեինք, չեմ փորձի նկարագրել, թե հունվարի 14-ի դրությամբ ինչ կլիներ մեր տարածաշրջանում:

Եկեք մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք. ըստ էության՝ աշխարհը փոթորկվում է, իսկ ՀՀ-ն և մեր տարածաշրջանն այսօր քայլ-քայլ, առնվազն ՀՀ-Ադրբեջան հարթությունում, վերածվում են կայունության, անվտանգության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է, սա շատ մեծ ձեռքբերում է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև TRIPP նախագծին. «Առավոտյան առիթ ունեցա շնորհավորել հայաստանցիներին երեկ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից տարածված հայտարարության առիթով, որը TRIPP նախագծի իրագործման շրջանակի առիթով է ստարագրված: Ուզում եմ բոլորիս շնորհավորել»,- նշեց վարչապետը

Փաշինյանի խոսքերով՝ հիմա արդեն ակնհայտ է, որ նաև TRIPP նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, ստացել են պատասխաններ:

«Շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պիտի բավարարի ՀՀ-ին, ԱՄՆ-ին, լիարժեք բավարարում է, իմ կարծիքով [իհարկե, նրանք  կարձագանքեն, կտեսնենք] Ադրբեջանին»,- ընդգծեց նա:

Ըստ վարչապետի՝ սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու գործին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը:

«Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո հանդիպման արդյունքներով հրապարակվել է  «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն