Մեր նպատակն է 2026 թվականին ներկայացնել վիզաների ազատականացման ուղղությամբ առաջընթացի զեկույցը. ՀՀ-ում ԵՄ դեսպան | armenpress.am

armenpress.am Հայաստանն ու Եվրամիությունը հասել են էական ձեռքբերումների և ընդունել նոր ռազմավարական օրակարգ, որն արդեն իսկ իրականացվում է։

Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Դեսպանի խոսքով՝ ռազմավարական օրակարգի շուրջ բանակցությունները մեծածավալ աշխատանք են պահանջել, սակայն առավել կարևորն այն է, որ այն արդեն գործնական փուլում է։

«Մենք արդեն ունենք մի քանի տարրեր, որոնք իրականացվում են»,– նշեց նա՝ առանձնակի ընդգծելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։

Մարագոսը նշեց, որ վիզային ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար կունենա շատ կոնկրետ և շոշափելի արդյունքներ։ Նրա խոսքով՝ արդեն ներկայացվել է վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը, իսկ նոյեմբերին իրականացվել է առաջին գնահատման առաքելությունը։

«Մեր նպատակն է հնարավորինս շուտ՝ 2026 թվականին, ներկայացնել առաջընթացի զեկույցը։ Միգրացիոն ծառայությունը, խորհրդարանը և մյուս բոլոր ներգրավված կառույցները աշխատում են, որպեսզի գործողությունների ծրագիրը կյանքի կոչվի»,-ասաց ԵՄ դեսպանը։

Նա ընդգծեց, որ քննարկումների և ներկայացված տեղեկատվության արդյունքում ԵՄ-ն ողջունում է Հայաստանի կառավարության  մոտեցումը՝ դիտարկելով վիզային ազատականացման գործողությունների ծրագիրը որպես բարեփոխումների համապարփակ ծրագիր։

Դեսպանի խոսքով՝ նախատեսվող բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են քաղաքացիների շահերին։

«Այս բարեփոխումների արդյունքում հենց քաղաքացիներն են շահելու»,– ընդգծեց Մարագոսը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն