azatutyun.am Իրանը զգուշացրել է ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցներին հնարավոր պատասխան հարվածների մասին, եթե Վաշինգտոնը որոշի հարվածներ հասցնել Իսլամական հանրապետության տարածքին։ Այս մասին իրանական աղբյուրները հաղորդել են Reuters գործակալությանը։
«Թեհրանը զգուշացրել է տարածաշրջանային պետություններին՝ Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷ-ից մինչև Թուրքիա, որ [ԱՄՆ հարձակման դեպքում] այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները ենթարկվելու են հարձակման»,-գրում է Reuters-ը՝ հղում անելով Իրանցի անանուն պաշտոնյայի։
Հիշեցնենք, որ Իրանում հակակառավարական զանգվածային ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։
«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար կոչ է անում ցուցարարներին չդադարեցնել բողոքի ակցիաները՝ միաժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կդիտարկի Իրանին «պատժելու» տարբերակներ։ ԱՄՆ նախագահը նախ հայտարարել էր Իրանի իշխանությունների հետ բանակցությունների մտադրության մասին, սակայն հետո չեղարկել էր դրանք։