Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշել է՝ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանը 2023 թ․ նոյեմբերին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել Հակարիի կամրջից առևանգված Վագիֆ Խաչատյանին: Բաքուն Խաչատրյանին մեղադրում էր «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով, իբր թե, 25 ադրբեջանցի է սպանվել»։
2021 թ․ հուլիսին 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել նաև Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը։ Ադրբեջանը պնդել էր, թե նրանք 2019 թ․ հավաքագրվել են ՀՀ ԱԱԾ կողմից, 2020 թ․ սեպտեմբերին անցել են Արցախ, որտեղ «ուսումնասիրել են մարտական դիրքերը, մարտական գործողությունների տարբեր հատվածներում ադրբեջանական բանակի թվային կազմը, հավաքել տեղեկատվություն և դրանք փոխանցել հայկական հատուկ ծառայություններին»։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը 2021 թ․ հունիսին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։