Եթե բնակվում եք Երևանում, ապա դուրս եկեք տնից ու քայլեք դեպի մոտակա այգին։ 300 մետրից հետո, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչների, պետք է հասնեք մոտակա այգուն։ Երևանում, սակայն, բնակչության մոտ մեկ երրորդն է ապրում այս չափանիշին համապատասխան։
Քաղաքներում կանաչ տարածքների հասանելիությունը մարդու առողջության, կենսաբազմազանության ու շրջակա միջավայրի պահպանության համար կարևոր բաղադրիչ է։ Մեր մայրաքաղաքում դրանց հասանելիությունն են ուսումնասիրել Երևանի պետական համալսարանի Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, քարտեզագետ Արտակ Փիլոյանը և նույն ամբիոնի դասախոս, ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը՝ արդյունքների մի մասն ամփոփելով «Կառուցապատ միջավայրի վերականգնման մոտեցումները․ հետազոտության, նորարարության և մարտահրավերների միջև» գրքի գլուխներից մեկում։
Ուսումնասիրության շրջանակում հետազոտողները ներառված էին այն թիմում, որը Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ իրականացնում էր Երևանի և Վրաստանի Ռուստավի քաղաքի կանաչ տարածքների համապարփակ վերլուծություն ու դրանց կայուն զարգացման տարբերակներ առաջարկում։ Արտակ Փիլոյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ հետազոտության ընթացքում, տեսնելով, որ այդ տարածքների հասանելիության մասին բավականաչափ տվյալներ են ստացվել, ինքն ու գործընկերը՝ Սարհատ Պետրոսյանը, որոշեցին դրանք ներկայացնել նաև առանձին աշխատանքով։
Արտակ Փիլոյանն աշխատում էր տարածական տվյալների վերլուծության վրա։ Քարտեզագետը կիրառեց աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (Geographic Information Systems – GIS), որոնք հնարավորություն են տալիս մոդելավորել քաղաքը կամ դրա առանձին բաղադրիչները՝ ցույց տալով մարդկանց, ենթակառուցվածքների, այս դեպքում՝ կանաչ տարածքների փոխկապակցվածությունը։
Հենց այս մեթոդով էլ հավաքագրվեցին տարածական տվյալները։ Սրան զուգահեռ` անհրաժեշտ էր ունենալ Երևանում առկա կանաչ տարածքների ցանկը։ Դրա համար օգտագործվեցին արբանյակային լուսանկարներ՝ գրանցելով Երևանի տարածքում երևացող սաղարթածածկույթները։
Սարհատ Պետրոսյանը մանրամասնում է, որ Երևանի քաղաքապետարանի տվյալները ներառում էին միայն քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների կողմից շահագործվող կանաչ տարածքները, սակայն Երևանում կան տարածքներ, որոնք մեծ նշանակություն ունեն կանաչ տարածքների հասանելիության տեսանկյունից և գտնվում են այլ կառույցների վերահսկողության տակ, ինչպես օրինակ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքները կամ Բուսաբանական այգին։ Հետևաբար՝ Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը չսահմանափակվեցին քաղաքապետարանի տվյալներով և ցանկում ներառեցին նաև այլ կառույցների կողմից շահագործվող այգիները։
Կանաչ տարածքներին հասանելիությունը ստուգելու համար Սարհատ Պետրոսյանն ու Արտակ Փիլոյանը գույքագրեցին բոլոր այն այգիները, որոնց մարդը ազատ մուտք ունի և որտեղ կարող է կազմակերպել իր հանգիստը։ Հետազոտողները, համադրելով բնակչության և կանաչ տարածքների մասին տվյալները, պարզեցին, որ Երևանի բնակչության մոտ 30%-ը միայն շատ լավ հասանելիություն ունի կանաչ տարածքներին և 5 րոպե քայլելուց հետո կհասնի որևէ այգու․ բնակչության մնացած մասը դրա համար կծախսի 10-30 րոպե։
Կանաչ տարածքներին ամենաքիչը հասանելիություն ունեն Էրեբունու և Շենգավիթի բնակիչները։ Թեև դրանք ստեղծվել են որպես արտադրական շրջաններ և պատմականորեն քիչ կանաչ տարածքներ են ունեցել, Արտակ Փիլոյանը հիշում է՝ ինչպես էր այցելում բարեկամների տուն՝ Էրեբունի ամրոցի մոտ, և պարբերաբար խիտ կանաչ ծածկույթ տեսնում այնտեղ։ Ժամանակի ընթացքում, քարտեզագետի խոսքով, այդ տարածքները կա՛մ կառուցապատվել են, կա՛մ քաղաքի կանաչ տարածքների ցանցից կտրվել՝ ոչ ճիշտ կառավարման պատճառով։
Արտակ Փիլոյանը մանրամասնում է, որ իրենք կանաչ տարածքներն ուսումնասիրել են նաև ըստ տեսակների։ Կան գրպանային, թաղամասային, համայնքային, քաղաքային և նպատակային այգիներ։ Դրանք տարբերվում են ծավալներով․ գրպանային, թաղամասային, համայնքային այգիները սահմանափակվում են մի քանի շենքերով, բակերով, շրջաններով, քաղաքայինը համեմատաբար մեծ է և սպասարկում է քաղաքի տարբեր շրջանների, իսկ նպատակային այգիները խոշորագույնն են։ Վերջիններս կարող են մոտիկ չլինել, սակայն դրանց հագեցվածությունը նպաստում է, որ մարդիկ այդ այգիներ այցելեն։
Չնայած ապօրինի սեփականաշնորհման խնդրին, ինչպես նշում է Սարհատ Պետրոսյանը, Երևանը փոքր, գրպանային այգիների տեսանկյունից լավ վիճակում է, քանի որ խորհրդային շրջանում դրանցից շատ է ստեղծվել։ Սակայն հետազոտողները հատկապես առանձնացում են նպատակային այգիների քանակի ու չափերի խնդիրները։ Երևանում նպատակային այգի կարելի է համարել Բուսաբանական և Ծիծեռնակաբերդի այգիները, որոնց ծավալները, սակայն, փոքր են։
Որքա՞ն կանաչ տարածքն է բավարար քաղաքներում մարդու բնակության համար։ ԱՀԿ-ի չափանիշներով՝ քաղաքներում յուրաքանչյուր մարդուն պետք է հասնի ամենաքիչը 9 մ², Եվրամիության չափանիշներով՝ 15 մ² կանաչ տարածք։ Երևանում յուրաքանչյուր բնակչի հասնում է մոտ 8 մ² կանաչ տարածք։
Բայց սա միշտ չէ այսպես եղել․ հետազոտողները նաև համեմատել են տարբեր ժամանակահատվածներ։ 1983-ին յուրաքանչյուր երևանցուն հասնում էր 12 մ² կանաչ տարածք։ Աստիճանաբար այդ թիվը նվազեց՝ նախ դառնալով 9․69 մ², ապա՝ 8 մ²։ Արտակ Փիլոյանը շեշտում է, որ թեև 1990-ականներին շատ են կանաչ տարածքներ հատվել, կորուստներն առավել տեսանելի են եղել 2006-2022 թվականներին։ Քարտեզագետը սա կապում է ակտիվ շինաշխատանքների հետ։
«1990-ականներին ծառերն ուղղակի հատվում էին, բայց դրանց հողը պահպանվում էր։ Շինաշխատանքների սկզբից հատված տարածքները բետոնապատվում են, ուստի կորուստները ավելի ակնհայտ են»։
Արտակ Փիլոյան
Կանաչ տարածքների քանակը միակ չափանիշը չէ․ դրանք տարբեր են ու պետք է հասկանալ՝ յուրաքանչյուրն ինչպիսի ռեսուրսներ և ուշադրություն է պահանջում։
«Օրինակ՝ Կասկադը կամ Սիրահարների այգին շատ քիչ կանաչ ունեն, բայց կենտրոնում են և շատ ռեսուրսատար։ Մինչդեռ Ծիծեռնակաբերդի այգին գրեթե չի շահագործվում, բայց խորքային առումով շատ ավելի մեծ ազդեցություն ունի երևանցիների կյանքի որակի վրա»։
Սարհատ Պետրոսյան
Ճարտարապետ-քաղաքային պլանավորողն ընդգծում է, որ կանաչ տարածքների որակական ուսումնասիրությունն անհրաժեշտ քայլ է ավելի արդյունավետ կազմակերպման համար, և այդ ուղղությամբ աշխատանք կա դեռևս անելու։
Երբ խոսում ենք Երևանի կանաչ տարածքների մասին, Հրազդանի ձորը առաջիններից է, որ մտաբերում ենք։ Երևանի՝ կենսաբազմազանությամբ հարուստ այս կանաչ տարածքը, Սարհատ Պետրոսյանի խոսքով, տարիների ընթացքում վնասվել է, աղճատվել, սակայն ճիշտ կազմակերպման ու կառավարման պայմաններում մեծ ազդեցություն կարող է ունենալ Երևանի կանաչ դիմագծի բարելավման վրա։
Հրազդանի ձորը նաև կարող է ապահովել այգիների շարունակականությունը՝ որպես մեկ ամբողջական համակարգ։ Երկու հետազոտողներն էլ «Ինֆոքոմի» հետ զրույցում շեշտում են, թե ինչքան կարևոր է, որ այգիները մեկը մյուսին կապված լինեն։ Հենց այս անհարժեշտությունից ելնելով էլ նրանք առաջարկում են ստեղծել փոխկապակցված այգիներ։
«Մեր առաջարկներից մեկն, օրինակ, Բուսաբանական այգին Մյասնիկյան պողոտայի վերևի հատվածով Հաղթանակի այգուն միացնելն է։ Այդ շարունակականությանը կլավացնի օդի որակը, հանրային առողջությունը»։
Արտակ Փիլոյան
Պատկերացնենք՝ միացրինք այգիները, բայց ինչպե՞ս։ Սարհատ Պետրոսյանը մանրամասնում է, որ ուղղակի սիզամարգեր կամ տարբեր ծառեր տնկելով չենք կարող ասել, որ ստեղծվում են Երևանի չոր կլիմային համապատասխան կանաչ տարածքներ։ Հետազոտողի խոսքով կանաչ տարածքների հարցում ֆունդամենտալ է ոռոգման հարցը, Երևանի դեպքում պետք է տնկել այնպիսի բուսատեսակներ, որոնք քիչ ոռոգում են պահանջում և սաղարթախիտ են։ Պետրոսյանն ուսումնասիրության ընթացքում արդեն բացահայտել է մի քանի ծառատեսակներ, որոնք հարմար են Երևանին։ Օրինակ՝ թթենին կամ կաղնին իրենց ծածկույթով շատ ավելի օգտակար է օդի մաքրման, ածխաթթու գազի արտանետումների ազդեցության նվազեցման համար, քան տարբեր այգիներում տնկվող, չոր կլիմային չհամապատասխանող բուսատեսակները։
Ճարտարապետ-քաղաքային պլանավորողը նաև ներկայացնում է, թե ինչպես կարող են գերեզմանոցները փոխակերպվել կանաչ տարածքների։ Ընդհանրապես, Սարհատ Պետրոսյանի խոսքով, գերեզմանները փակելուց հիսուն տարի անց լավ կլինի դրանց վրա կանաչ տարածքներ կառուցել, սակայն տարածքների սխալ կառավարումը խոչընդոտում է այս գործընթացին։ Նրա խոսքով՝ Երևանում գերեզմանոցները կանաչ տարածքների փոխակերպելը շատ արդյունավետ կլինի նաև անհամաչափ բաշխվածության խնդիրը լուծելու համար․ դրանք ցրված են տարբեր վարչական շրջաններում։
Սարհատ Պետրոսյանը կարևորում է նաև ծառերի խնամքով զբաղվող մարդկանց․ գիտելիքահեն խնամքը կարող է նպաստել կանաչ տարածքների երկարակեցությանը։
«Մի մարդ, որն, օրինակ, 20 տարի ապրել է այդտեղ, հոգ տարել կանաչ տարածքի մասին, ապա գիտելիքը փոխանցել երիտասարդներին, կապված է այդ ծառերի հետ, ավելի ուշադիր է դրանց նկատմամբ, ուստի ավելի շատ հոգ կտանի դրանց մասին։ Սակայն այստեղ ևս գիտահենությունն է կարևոր»։
Սարհատ Պետրոսյան
Երկու հետազոտողներն էլ կանաչ տարածքների հասանելիության խնդիրը լուծելու համար առանցքային են համարում տվյալահեն որոշումների կայացումը։ Սարհատ Պետրոսյանը կարևորում է երկարաժամկետ պլանավորման դերն այս հարցում։ Արտակ Փիլոյանն էլ ամփոփում է զրույցը՝ նշելով, որ լավ տվյալները մեծ հարստություն են․ ինչքան դրանց որակը և ճշգրտությունը բարձր են, այնքան հետազոտության արդյունքները ավելի վստահելի են և որոշումների կայացման համար օգտակար։ Հոդվածի հեղինակներն այս հետազոտությամբ փորձել են ավելացնել տվյալների այդ պաշարն ու դրանց հիման վրա լուծումներ առաջարկել։
Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
Գլխավոր լուսանկարում՝ Երևանի բուսաբանական այգին («Ինֆոքոմի» արխիվ, 2023)
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Ածխածին-ջրածին կապերը, մետաղների մասնակցությամբ բարդ ռեակցիաներն ու օրգանական քիմիան | Հանրագիտ»
«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։