Հայաստանում ցմահ դատապարտված 2 սիրիացիներ փոխանցվել են Սիրիային

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Հիշեցնենք, որ սիրիացիների գործը դատարանում քննվել է 2021 թվականին։  Նրանք դատապարտվել էին ցմահ ազատազրկման։

Ըստ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության, սիրիացի վարձկանները ամսական 2000 ԱՄՆ դոլարով պիտի մասնակցեին Հայաստանի եւ Արցախի դեմ պլանավորված ռազմական գործողություններին։ Ավելին՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի ներկայացման համար վարձկաններին խոստացել են 100 ԱՄՆ դոլար պարգեւավճար: Հայերին գլխատելու եւ դրա դիմաց պարգեւավճարներ ստանալու նպատակով, նրանց տրամադրվել են մարդուն գլխատելու համար հարմարեցված երկար սայրով դանակներ։ Սակայն, Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին եւ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին չկարողացան իրենց մտադրությունը իրագործել, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հանդիպելով Հայաստանի զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել են եւ հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

«Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ»: Այսպես էր արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիրիացի վարձկանի ձերբակալման լուրին՝ հայտարարելով, որ «սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ»։

էկրանակադրը՝ ՔԿ-ի հրապարակած տեսանյութից, կադրում կապույտ վերնազգեստով՝ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն