Թրամփը կասկածում է, որ Ռեզա Փահլավին կկարողանա աջակցություն ստանալ Իրանում | civilnet.am

civilnet.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար իրանական ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավին «շատ հաճելի է թվում», սակայն նա կասկածի տակ է դրել վերջինիս՝ Իրանի ներսում բավարար աջակցություն ստանալու և երկրի ղեկավարումը ստանձնելու կարողությունը։ Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում Թրամփը նշել է, որ թեև հնարավոր է համարում Իրանի հոգևոր կառավարության տապալումը բողոքի ցույցերի հետևանքով, սակայն դեռևս վաղ է խոսել Փահլավիի առաջնորդության մասին։ Նախագահն ընդգծել է, որ չգիտի՝ արդյոք իրանցի ժողովուրդը կընդունի՞ նրան, բայց հավելել է, որ եթե դա տեղի ունենա, ինքը դեմ չի լինի։

Այս հայտարարություններն արվում են Իրանում շարունակվող անկարգությունների ֆոնին, որտեղ հոգևոր իշխանության դեմ բողոքի ցույցերի ճնշման հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Չնայած Թրամփը նախկինում բազմիցս սպառնացել է միջամտել՝ ի պաշտպանություն ցուցարարների, նա զուսպ է գտնվել 1979-ի հեղափոխության ժամանակ տապալված շահի որդուն լիակատար աջակցություն հայտնելու հարցում։ 65-ամյա Ռեզա Փահլավին, ով տասնամյակներ շարունակ բնակվում է ԱՄՆ-ում, համարվում է բողոքի ցույցերին արձագանքող ամենաակտիվ դեմքերից մեկը, սակայն իրանական ընդդիմությունը մնում է մասնատված տարբեր գաղափարական խմբակցությունների միջև և Իրանի ներսում չունի հստակ կազմակերպված կառույցներ։

Ամփոփելով Իրանի վերաբերյալ իր խոսքը՝ Թրամփը նշել է, որ թեև ցանկացած ռեժիմ կարող է ձախողվել, առջևում սպասվում է «հետաքրքիր ժամանակաշրջան»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն