armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտիի, ինչպես նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելով տարածաշրջանային և միջազգային զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։
Հեռախոսազրույցների մասին տեղեկությունը հրապարակվել է Արաղչիի Telegram ալիքի գրառման մեջ։
Մասնավորապես, Արաղչին իր եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է Իրանում «արտաքին միջամտությունների և շարունակվող անկարգությունների մանրամասները»։ Նա խստորեն դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների «սադրիչ հայտարարությունները, որոնք համարվում են Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն»։ Նախարարը նաև ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ «պաշտպանելու ազգային ինքնիշխանությունը և երկրի անվտանգությունը ցանկացած չարիքից և արտաքին միջամտությունից»։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը, ափսոսանք հայտնելով Իրանում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ, ընդգծել է տարածաշրջանային երկրների միջև սերտ խորհրդակցությունների և համատեղ ջանքերի կարևորությունը՝ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու տեսանկյունից։
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ զրույցում Արաղչին կրկին ընդգծել է իրանցիների «վճռականությունն ու միասնությունը ցանկացած խռովության դեմ պայքարում»։ Նա նաև խստորեն դատապարտել է «ամերիկացի պաշտոնյաների միջամտական և սադրիչ դիրքորոշումներն Իրանի ներքին գործերում»։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը, շեշտել է կայունություն հաստատելու և տարածաշրջանում լարվածության աճը կանխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այս ուղղությամբ համագործակցելու և օգնելու համար։