Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք, և ամեն ինչ արել ենք և անելու ենք Իրանի Իսլամական Հանրապետության՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու համար:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը:
Վերջինս երեկ ասուլիսի ժամանակ, Երևանում Իրանի դեսպանության առջև տեղի ունեցած ակցիաներին անդրադառնալով, մեղադրել էր հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող ակցիաները թույլատրելու համար, չնայած, իր խոսքով, պատկան մարմիններին բազմիցս տեղեկացրել են իրենց մտահոգությունների մասին:
«2018-ից հետո Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին դեպքում այլ կերպ վարվել: Այո, կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի կամ այլ դեսպանատան աշխատանքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի ժողովրդավարական սկզբունքների շրջանակում բոլոր միջոցները կձեռնարկվեն, որ Իրանի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա:
«Եվ այն մարդիկ, որոնք օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն վարույթներ: Գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով»,- եզրափակեց նա: