Դատարանը որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
««Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ, դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 10-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էր։ Ըստ ՔԿ-ի՝ խուզարկության ընթացքում առգրավվել էին էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։
ՀՅԴ-ից հայտնել էին, որ դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել․ «Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,- նշված էր հայտարարության մեջ։
Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվել էր, ապա 2 ամսով ընտրվել էր տնային կալանք խափանման միջոցը, ըստ ՀՅԴ-ի՝ նրա մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։
Չամիչյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։