ԲՏԱ նախարարն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox և մի շարք այլ խաղերի մտահոգությունների հետ կապված

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախաձեռնել է երկխոսություն ծնողների և մանկավարժների հետ՝ լսելու նրանց կարծիքներն ու առաջարկությունները խաղային հարթակների անվտանգության հետ կապված մտահոգությունների վերաբերյալ։

Նախարարն իր առաջարկի մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ վերջին շրջանում նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ծնողներից՝ երեխաների անվտանգությանն առնչվող մտահոգություններով, մասնավորապես, 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 և մի շարք այլ խաղային հարթակների բացասական ազդեցությունների վերաբերյալ: «Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ և իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ և խաղեր, ինչպիսին են 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅-ը, 𝗠𝗶𝗻𝗲𝗰𝗿𝗮𝗳𝘁-ը, 𝗕𝗿𝗮𝘄𝗹 𝗦𝘁𝗮𝗿𝘀-ը, 𝗙𝗼𝗿𝘁𝗻𝗶𝘁𝗲-ը, 𝗣𝗨𝗕𝗚-ին և այլն։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։ Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։

Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները և, առհասարակ, դիտարկումները։ Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում և անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ։»,– գրել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն