Ազատազրկման փոխարեն ծառայություն և վճար՝ 27-37 տարեկան հետախուզման մեջ գտնվողների համար․ նախագիծ | civilnet.am

civilnet.am  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27-ից 37 տարեկան, զինվորական ծառայություն չանցած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից որոշակի պայմանների դիմաց։

Հունվարի 16-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

«Այժմ ունենք արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից տղաներ, ում 27 տարին լրացել է իմ նախորդ օրենքի ընդունումից հետո։ Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն որևէ այլընտրանք, քան ազատազրկվելը երկուսից հինգ տարի ժամկետով»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջին ամսական ծախսը կազմում է 437,900 դրամ, և եթե բոլոր 1200 անձինք դատապարտվեն 3 տարի ժամկետով, պետությունը նրանց անազատության մեջ պահելու համար ստիպված կլինի ծախսել շուրջ 19 մլրդ դրամ։

«Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման երեք տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15 մլն 764,400 դրամ»,- նշեց Սարգսյանը։

Նախագծով պատգամավորն առաջարկում է հարցը լուծել հինգ տարբերակներից մեկի ընտրությամբ՝

ծառայել 24 ամիս,

ծառայել 12 ամիս և վճարել 2,5 մլն դրամ,

ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ,

ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ,

կամ ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։

Պատգամավորը տեղեկացրեց, որ 2024-ի փետրվարից մինչև 2025-ի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ նախորդ օրենքից արդեն օգտվել է շուրջ 200 քաղաքացի, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամ կամ 5 մլն դոլար։

Ըստ Սարգսյանի՝ նախագծի ընդունումը թույլ կտա համալրել պահեստազորը, վերականգնել քաղաքացիների կապը Հայաստանի հետ և կրճատել հետախուզվող անձանց հայտնաբերման ու դատապարտման ուղղությամբ իրավապահ և դատական մարմինների կողմից ծախսվող միջոցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն