Զինծառայությունից խուսափած քաղաքացիներին վերաբերող օրենքից 17 ամսում օգտվել է շուրջ 200 մարդ | armenpress.am

armenpress.am ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը։

Պատգամավորը հիշեցրեց, որ իր հեղինակած՝ զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին վերաբերող օրենքի ընդունումից անցել է շուրջ երկու տարի։ Նրա խոսքով՝ ներկայում արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 քաղաքացի կա, որոնց 27 տարին լրացել է օրենքի ընդունումից հետո, և որոնք չեն վերադառնում Հայաստան՝ ազատազրկման վտանգի պատճառով։

Սարգսյանի գնահատմամբ՝ այդ անձանց ազատազրկումը ոչ միայն կխաթարի նրանց ճակատագրերը, այլև կստեղծի լուրջ ֆինանսական բեռ պետության համար։

«Քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջինացված ամսական ուղղակի և անուղղակի ծախսը կազմում է 437 հազար 900 դրամ։ Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15 միլիոն 764 հազար 400 դրամ։ Այսինքն, եթե բոլոր 1200–ն էլ ինքնակամ վերադառնան և դատապարտվեն, պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 միլիարդ դրամ»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորն առաջարկեց 27–37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով հինգ տարբերակներից մեկը․ ծառայել 18 ամիս, ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ, զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ պետական բյուջե։

Հայկ Սարգսյանը նշեց, որ նախորդ օրենքի ընդունումից հետո՝ 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը, 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։

Նրա խոսքով՝ այդ քաղաքացիները կամ ծառայել են զինված ուժերում, կամ կատարել են վճարումներ, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամ, կամ՝ մոտ 5 մլն դոլար։

Պատգամավորը հավելեց, որ ակնկալվում է օրենքի կիրառման շարունակական աճ, ինչի արդյունքում մի կողմից հայրենակիցները կվերադառնան Հայաստան և չեն ենթարկվի ազատազրկման, մյուս կողմից՝ կլրացվի պահեստազորը և կկրճատվեն հետախուզման, դատական ու քրեակատարողական համակարգերի վրա ծախսվող պետական միջոցները։

«Իմ նախորդ օրենքի ընդունումից հետո, 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել, կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ կամ 5 միլիոն դոլար գումար։ Սա նշում եմ օգոստոսի 1-ի դրությամբ, այժմ այդ թիվն անհամեմատ ավելի մեծ է»,- ասաց Սարգսյանը։

Պատգամավորը հավելեց, որ ակնկալվում է օրենքի կիրառման շարունակական աճ, ինչի արդյունքում մի կողմից՝ հայրենակիցները կվերադառնան Հայաստան և չեն ենթարկվի ազատազրկման, մյուս կողմից՝ կլրացվի պահեստազորը և կկրճատվեն հետախուզման, դատական ու քրեակատարողական համակարգերի վրա ծախսվող պետական միջոցները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն