ՊԵԿ-ը բացահայտել է շրջանառվող կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշներով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։

«2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և hանրապետության տարբեր մարզերում վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, Ներքին անվտանգության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ, մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքների արտադրության և վաճառքի ոլորտներում հանցավոր սխեմաների գործունեություն իրականացնողներին բացահայտելու նպատակով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հայտնաբերվել է ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշերով և նույնականացման միջոցներով ստվերում շրջանառվող 844 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք, 46․720 տուփ տարբեր տեսակի ծխախոտային արտադրանք և 372 հատ էլեկտրոնային ծխախոտ։

Բացի այդ, նախատոնական օրերին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են սոցիալական հարթակներում ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքի հայտարարությունները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձի կողմից, առանց ակցիզային դրոշմանիշների  և նույնականացման միջոցների, ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքեր։ Իրավախախտման դեպքերով կազմվել են համապատասխան արձանագրություններ և հարուցվել են վարչական վարույթներ։ Արձանագրված մոտ մեկ տասնյակի հասնող դեպքերով, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում ներկայում վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված  նյութերը, որից հետո ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։

Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ իրացնողներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չփորձել հանցավոր մեթոդներով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

Ալկոհոլային խմիչքներ վերավաճառողներին կոմիտեն հորդորում է  վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով և շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։ Գնումների ընթացքում մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։ Կարևոր է՝ վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ  գնելուց առաջ սպառողներն ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների և ծխախոտների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորեն նույնականացման միջոցները, համոզվելու՝ արդյոք ապրանքը ենթակա է վաճառքի, որպեսզի չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ՝ այդ թվում կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու ուղղությամբ։ Նշենք, որ իրականացված միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։

Վարչությունը հետևողական է դրանց  հանցավոր մեխենազմներին, ինչպես նաև դրանց  կազմակերպիչներին բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն