Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող դատավարությունները զուրկ են իրավական հիմքերից, նպատակ ունեն ապալեգիտիմացնել Արցախի սուբյեկտայնությունը, իսկ Ռուբեն Վարդանյանի մասով, որի գործն առանձնացված է մյուսներից, նկատվում են անհասկանալի ձգձգումներ։ Այս մասին հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկեցին հայ գերիների և Արցախի նախկին ղեկավարների դատավարությունները։ Ըստ Սահակյանի՝ թեև Ադրբեջանը փորձել է գործընթացը ներկայացնել որպես «նյուրնբերգյան դատավարությունների» կրկնօրինակ, իրականում, նրա խոսքով, տեղի է ունեցել միջազգային նորմերի կոպիտ խախտում։
Սահակյանը հիշեցրեց, որ դեռևս 2025-ի հունվարին` դատավարությունների մեկնարկին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ գործընթացը որակելով «ֆարս»։
«Նախաքննության փուլում ստորագրված արձանագրությունները կեղծ են, իսկ այն փաստաբաններն ու թարգմանիչները, ովքեր ստորագրել են դրանք, գործել են պարտադրանքի ներքո: Ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել»,- շարունակեց իրավապաշտպանը։
Նա ուշադրություն հրավիրեց գործերի արհեստական տարանջատման վրա։ Սկզբնական փուլում քննվող մեկ միասնական գործը հետագայում բաժանվել է երկու մասի՝ Ռուբեն Վարդանյանի առանձնացված գործը և, այսպես կոչված, «15-ի դատավարությունը», որում ներգրավված են Արցախի յոթ ռազմաքաղաքական ղեկավարները և 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման ժամանակ գերեվարված ութ անձինք։
«Իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, քանի որ վերագրվող արարքները և ապացույցները նույնական են։ Մենք այստեղ տեսնում ենք անձով պայմանավորված, ոչ իրավական տարանջատում», – ընդգծեց Սահակյանը։
Չնայած Ադրբեջանի իշխանությունների՝ դատավարությունները «բաց և թափանցիկ» ներկայացնելու փորձերին, Սահակյանի պնդմամբ, դրանք ամբողջությամբ փակ են եղել անկախ դիտորդների, միջազգային լրատվամիջոցների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար։ Տեղեկատվությունը վերահսկել և տարածել է բացառապես ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։
«Շուրջ մեկ տարի ընթացող և 150-ից ավելի դատական նիստերի ընթացքում մենք չտեսանք կոնկրետ փաստեր կամ ապացույցներ։ Հիմնական մեղադրանքները քաղաքական թեզերի վերարտադրում էին», – ասաց Սահակյանը՝ հավելելով, որ դատավարության բուն նպատակն Արցախ քաղաքական միավորի ապալեգիտիմացումն է և ցուցադրական պատիժը «բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել»:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային հանրության արձագանքին։ Սահակյանը կարևորեց Amnesty International-ի կոչերը՝ արդար դատաքննության ապահովման վերաբերյալ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունը՝ հայ գերիներին անվերապահ ազատ արձակելու մասին։
Հատուկ շեշտադրվեց 2025 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։ «Այն պարունակում էր խիստ դիպուկ գնահատականներ՝ խոսելով էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների և անմարդկային վերաբերմունքի մասին՝ պահանջելով գերիների անհապաղ ազատ արձակում», – եզրափակեց Սահակյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։