Գյումրի համայնքի՝ լիազորությունները կասեցված ղեկավար Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ և նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,- ասել է պաշտպանը։
Պաշտպանը նշել է, որ Ղուկասյանը շարունակում է գանգատներ ունենալ, կրծքավանդակի շրջանում ցավեր, միաժամանակ նրա մոտ շաքարի աստիճանը բարձր է ու ծանր ընթացքով։ Փոստանջյանը պնդել է, որ ՔԿՀ-ում բժիշկ չկա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր հիվանդանոց՝ առողջական վիճակի հետ կապված նշանակված համապատասխան փորձաքննություն անցնելու նպատակով։