Մասյացոտնի թեմի մի խումբ հոգևորականներ հայտարարությամբ իրենց զորակցությունն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ վերահաստատելով հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ճանաչելով թեմի առաջնորդական տեղապահի նշանակումը։
«Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։
Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն։
Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առջև։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել» (Ա Կորնթ. 6։6-7)։
Տ. Մխիթար քհն. Ալոյան – Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան – Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Անդրեաս քհն. Թավադյան – Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Թաթուլ քհն. Գասպարյան – Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան – Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Դերենիկ քհն. Միքայելյան – Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Եփրեմ քհն. Հարությունյան – Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Միքայել քհն. Նուրիջանյան – Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Հովակիմ քհն. Հարությունյան – Վարդաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Ղազար քհն. Թորոսյան – Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան – Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Արծրուն քհն. Միքայելյան – Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան – Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ,
Տ. Հովսեփ քհն. Սարգսյան – Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան – Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Բենիամին քհն. Ծատուրյան – Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Արտաշես քհն. Հակոբյան – Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Տիրան քհն. Նահապետյան – Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
Տ. Հարություն քհն. Հակոբյան – Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
Արսեն սրկ. Զոհրաբյան,
Ռոբերտ սրկ. Տերտերյան»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2026թ․-ի հունվարի 10-ին Գարեգին Բ կաթողիկոսը Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պահանջում է իրեն վերականգնել Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում։ Նա նաև դատի է տվել Մայր Աթոռին։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականներից է, որը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման» նախաձեռնությանը։