civilnet.am Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան, հաղորդում է The Hindu Business Line կայքը։
Առաքման մեկնարկը տրվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի մասնակցությամբ՝ Նագպուրում գործող Solar Defence and Aerospace Limited (SDAL) ընկերության արտադրական հարթակում կազմակերպված արարողության ընթացքում։
Կայքը նշում է, որ Հայաստանն ավելի վաղ կնքել էր շուրջ 240 մլն դոլարի պայմանագիր՝ չորս Pinaka հաշվարկների ձեռքբերման համար, որը ներառում է բազմափող հրթիռային համակարգերի համար նախատեսված ղեկավարվող հրթիռների և այլ ռազմական տեխնիկայի մատակարարում։ Հրետանային կայանքների առաքումները սկսվել էին 2023-ի հուլիսին և ավարտվել 2024-ի նոյեմբերին, իսկ այժմ սկսվել է հենց ղեկավարվող հրթիռների փուլային արտահանումը։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ հրթիռները Հայաստան կուղարկվեն «պատրաստ լինելու աստիճանով»։
Նախատեսվում է, որ Pinaka կառավարվող հրթիռները առաջիկա օրերին կընդգրկվեն նաև Հնդկաստանի բանակի սպառազինության մեջ։ Այդ համատեքստում Ռաջնաթ Սինգհը Նագպուրում բացել է SDAL-ի միջին տրամաչափի զինամթերքի նոր արտադրական համալիր, որը, ըստ նրա, մաս է կազմում կառավարության ռազմավարությանը՝ նվազեցնելու Հնդկաստանի կախվածությունը զինամթերքի ներմուծումից։