aravot.am «Շահարկումն իշխանության կողմից է։ Տարիներ շարունակ իշխանությունը հայտարարում էր՝ քննիչ հանձնաժողով ենք ձեւավորելու, տեսեք, թե ինչե՜ր ենք բացահայտելու։ Ընդդիմությունը ուներ վերապահումներ, որ դա հանրային վստահություն չունեցող հանձնաժողով է»,-ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Խոսքը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին է, որն այդպես էլ խորհրդարանում չներկայացվեց։
Գեղամ Մանուկյանը նկատեց՝ իրավական տարբեր հիմնավորումներով այն չի ներկայացվել եւ ավարտելով աշխատանքը, այդպես էլ այս ԱԺ-ին չի ներկայացվել զեկույցը․ «Թղթածրարը, որը կարդացել ենք, ի՞նչ է։ ԱԺ-ին այդպես էլ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել»։
Թեմայի շուրջ բանավեճում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավում այս թեման շահարկելու է, բայց խորհուրդ տվեց դա չանել․ «Այս թեմայում դուք պարտված եք»։
«Հիմա եթե դուք ծանոթացել եք՝ զեկույցը կա՞, թե՞ չկա»,- հարցրեց Ալեն Սիմոնյանը՝ թեման սահուն տեղափոխելով այն հարթություն, որ ընդդիմությունը չի մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին, չի մասնակցել ԱԺ նիստերից մի մասին, ԱԺ խորհրդի նիստերին եւ այլն։
«Այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղի։ ԱԺ 107 պատգամավորները կարող են ծանոթանալ։ Գնացեք առաջին բաժին՝ ծանոթացեք։ Մեզ քննադատում եք, բայց չեք ուզում ծանոթանաք։ Պատգամավոր կա, գնացել է՝ բացել է՝ ասել է՝ «չէ, շատ է, հետո կնայեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանրային լսումների ձեւաչափով զեկույցի բաց մասը ներկայացնել հանրությանը, ու սպառնաց․ «Բայց հետո չասեք՝ ինչի՞ էսպես եղավ, էս ի՞նչ բերեցիք մեր գլխին»։
Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց՝ քննարկենք։