arm.sputniknews.ru «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը հացադուլի 10-րդ օրը կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, ապա կրկին վերադարձրել ՔԿՀ։ Անհրաժեշտություն կա վիրահատական միջամտության։
«Մեր բողոքի ձայն ենք ցանկանում բարձրացնել այս կառույցի լռության դեմ։ ՀՀ ՄԻՊ գրասենյակը, որը կոչված է պաշտպանել քաղաքացու իրավունքները, որևէ կերպ չի արձագանքում Նարեկ Սամսոնյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս օրերին որևէ մեկը չի այցելել հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին»,- նշեց Antifake.am-ի լրագրողներից մեկը։
Հիշեցնենք` «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են նոյեմբերի 13-ին։ Խուզարկություններ էին իրականացվել ինչպես նրանց, այնպես էլ «Անտիֆեյքի» գրասենյակում, որտեղից առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրանց կալանքը։