news.am Համապատասխան փուլում միջնորդություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու և հարցաքննելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Նշենք, որ այսօր լրանում է այդ ողբերգական դեպքի 3–րդ տարելիցը։
Նա նշեց, որ երկու օր առաջ կրկին ուսումնասիրել է հենց դեպքի օրը՝ 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստում Նիկոլ․ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի արած հայտարարությունները, դիտարկումները, տրված հրահանգներն ու հանձնարարականները, այլ անձանց տված տեղեկությունները, որոնք կարող են որոշակի և էական նշանակություն ունենալ այս գործով ճշմարտության բացահայտման տեսանկյունից ձևավորվման համար։
Փաստաբանը նաև հայտնեց, որ միջնորդություն են ներկայացնելու դատարան՝ իրականացնելու կրկնակի քննչական փորձարարություն, ինչը նշանակում է, հնարավորինս վերականգնել ապացուցման ենթակա իրողությունները, դեպքը, հանգամանքները։
«Մասնագետները ոչ միայն չեն բացառել, նաև հնարավոր են համարել քննչական փորձարարության իրականացումը։ Այդ միջնորդությունը բավարարելու դեպքում, կարծում եմ, հետագայում կարող է էական նշանակություն ունենալ գործի իրական պատկերը, համենայնդեպս, ծնողների, հանրության համար պարզ դարձնելու համար»,- ասաց Նորիկյանը։
Նշենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: