armenpress.am Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2025 թվականին գործարքների թիվը նվազել է։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ դա տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։
«2025 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244 հազար գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247 հազար 900։ Այսինքն՝ տեսնում ենք, որ 3900-ով նվազում է եղել։ Նշեմ, որ այս նվազումը տեղի է ունեցել առաջնային շուկայի հաշվին։ Մնացած ուղղությունները քիչ թե շատ պահպանել են իրենց ընթացիկ իրավիճակը»,-ասաց Սուրեն Թովմասյանը։
Անշարժ գույքի առաջնային շուկայում գործարքների թվի նվազումը կապված է եկամտահարկի վերադարձի ինստիտուտի ձևափոխման հետ։ Մասնավորապես, Երևանում այդ բաղադրիչը չի գործում։
Թե մարզերում ի՞նչ ակտիվություն է գրանցվել, գնային քաղաքականությունն ինչպիսի՞ն է եղել, ո՞ր գործարքներն են գերակշռել, այս և այլ հարցերին անդրադարձ կլինի հունվարի վերջին, երբ տարվա ցուցանիշներն ամբողջացված կլինեն։