Ազատի կացարանի գործով փետրվարից կհարցաքննվեն մեղադրյալները․ փաստաբան | civilnet.am

civilnet.am  Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատավարությունն անցնում է առանցքային փուլ. փետրվարի 6-ից դատարանը կսկսի հինգ մեղադրյալների հարցաքննությունը: Այս մասին հունվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տուժողների շահերի պաշտպան, փաստաբան Նորիկ Նորիկյանը՝ ամփոփելով վարույթի ընթացքը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ 2025-ի ընթացքում ավարտվել է 19 տուժողների և բոլոր վկաների, ինչպես նաև փորձագիտական խմբի ղեկավարի հարցաքննությունը։

«Այս քրեական վարույթով ներգրավված են թվով հինգ մեղադրյալներ, զորամասի հրամանատարի տեղակալը թիկունքի գծով, զորամասի մասի կոմունալ շահագործման ծառայության պետը, զորամասի ինժեներական ծառայության պետը, նշված ինժեներ-սակրավորային վաշտի հրամանատարը և կապիտան Եղիշե Հակոբյանը»,- ասաց Նորիկյանը։

Մինչ մեղադրյալների հարցաքննությանն անցնելը, հունվարի 23-ին կայանալիք նիստում դատարանը կհետազոտի իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ այրված ինքնաձիգերը և վառարանը։

Տուժող կողմը մտադիր է նաև միջնորդել կրկնակի քննչական փորձարարություն իրականացնելու մասին՝ նպատակ ունենալով վերականգնել դեպքի հնարավոր պատկերը։ Ըստ փաստաբանի՝ մասնագետներն ու հրշեջները դատարանում հաստատել են, որ նման փորձարարության իրականացումը գործնականում հնարավոր է։

Միևնույն ժամանակ, Նորիկյանն իր դժգոհությունը հայտնեց Քննչական կոմիտեում քննվող անջատված մասով վարույթի ընթացքից՝ նշելով, որ երկու տարին բավարար էր հիմնավոր տեղեկություններ հայտնելու համար, սակայն ծնողները շարունակում են ստանալ «անորոշ պատասխաններ»։

Նորիկյանը հայտնեց, որ համապատասխան փուլում միջնորդություն են ներկայացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դատաքոչելու և հարցաննելու համար։

2023-ի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող Հայաստանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Եղիշե Հակոբյանին, որը, ըստ մեղադրական եզրակացության, 2023-ի հունվարի 19-ի գիշերը Ազատ գյուղում գտնվող զորանոցում խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնները, ինչի հետևանքով բռնկված հրդեհի պատճառով զոհվել է 15 զինծառայող, իսկ մյուսները ստացել են մարմնական վնասվածքներ։

Հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանին, կոմունալ-շահագործման ծառայության և հակահրդեհային պաշտպանության պետ Մառլեն Սարգսյանին, ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանին և ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանին։

.

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն