ՀՀ ԲՏԱ նախարարն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում։

Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ մանրամասնելով, որ ցանկը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ պետական առաջնորդներին։

Նշվում է, որ ցանկում ընդգրկված են նաև ԱՄՆ Սպիտակ տան նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով խորհրդական Միշել Կրատսիոսը, Արաբական Միացյալ Էմիրությունների արհեստական բանականության, թվային տնտեսության և հեռավար աշխատանքի կիրառությունների պետական նախարար Օմար բին Սուլթան Ալ Օլաման, Ուզբեկստանի թվային տեխնոլոգիաների նախարար Շերզոդ Շերմատովը, Կանադայի արհեստական բանականության և թվային նորարարության նախարար, ինչպես նաև Հարավային Օնտարիոյի Դաշնային տնտեսական զարգացման գործակալության համար պատասխանատու նախարար Էվան Սոլոմոնը։

Հաղորդվում է, որ այս ցանկը ձևավորվել է բազմափուլ գնահատման և ընտրության գործընթացի արդյունքում՝ ընդգրկելով այն պաշտոնյաներին և քաղաքականություն մշակողներին, որոնց ռազմավարական տեսլականը և գործունեությունը նպաստել են արհեստական բանականության համակարգային կիրառմանը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և պետական կառավարման համակարգում նորարարական լուծումների ներդրմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն