Հայաստանն ու Շվեդիան խորացնում են գործընկերությունը միգրացիայի ոլորտում՝ սկիզբ դնելով «Միգրացիայի կառավարման և ինտեգրման հզորացում․ Շվեդիա-Հայաստան երկկողմ նախաձեռնություն 2025–2029» ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է 3.5 միլիոն եվրո։
Այս մասին նշված է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Էվա Սունդքուիսթը։ Վերջինս, ողջունելով մասնակիցներին՝ վերահաստատել է Շվեդիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում միգրացիայի ոլորտի բարեփոխումներին։
Նշվում է, որ նախագիծը միտված է միգրացիայի, ինտեգրման, սահմանների կառավարման և ապաստանի գործընթացներում կայուն լուծումներ ստեղծելուն, որոնք կլինեն մարդակենտրոն, ներառական և կունենան երկարաժամկետ դրական ազդեցություն։
Հաղորդվում է, որ այն նաև աջակցելու է Հայաստանի ջանքերին՝ վիզայի ազատականացման գործընթացում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել հինգ տարվա ընթացքում և ավարտել 2029 թվականին, որի ընդհանուր բյուջեն կազմում է 3.5 միլիոն եվրո։
«Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի միգրացիոն գործակալության կողմից՝ Շվեդիայի պետական զբաղվածության ծառայության աջակցությամբ։ Հայաստանյան հիմնական գործընկերներ են՝ Ներքին գործերի նախարարությունը՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։