Դանիան և Գրենլանդիան առաջարկել են ՆԱՏՕ-ի առաքելություն տեղակայել Արկտիկայում | armenpress.am

armenpress.am Դանիան և Գրենլանդիան քննարկել են Գրենլանդիայում և Արկտիկայում ՆԱՏՕ-ի առաքելություն ունենալու հնարավորությունը, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պոուլսենը ելույթ է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտի հետ հանդիպումից հետո։

«Մենք առաջարկել ենք սա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես սա ընդունել է ի գիտություն, և ես կարծում եմ, որ մենք այժմ կարող ենք, հուսով եմ, ստեղծել շրջանակ, թե ինչպես կարելի է դրան հասնել», – ասել է Պոուլսենը։

«Սա նաև համապատասխանում է այն ամենին, ինչ մենք քննարկել ենք Գրենլանդիայի կառավարության հետ», – հավելել է նա։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպումից հետո հայտարարել է, որ Դաշինքը կշարունակի աշխատել Դանիայի և Գրենլանդիայի հետ՝ Արկտիկայի տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Եվրոպական 8 երկիր արդեն իսկ զինվորականներ են ուղարկել Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիա՝ «Արկտիկական դիմացկունություն» զորավարժություններին մասնակցելու։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել ԵՄ 8 երկրների, մասնավորապես՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ, որոնք զորքեր են ուղարկել Գրենլանդիա և դեմ են դանիական կղզու նկատմամբ ԱՄՆ վերահսկողությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն