ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը համաձայնել է լինել Գազայի խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։
Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածի համար «Խաղաղության խորհրդի» կազմը, որում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Գաբրիելը: Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեն կգլխավորի Ալի Շաաթը, ով ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում, իսկ կապող օղակը «Խաղաղության խորհրդի» և Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի միջև կլինի բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը: