«Հայաստան-Ադրբեջան ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է 2026-ին». հրապարակվել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույցը

Հրապարակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցը։

Ռազմաքաղաքական ռիսկեր կետի ներքո նշվում է Հայաստանին-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մասը:

Նշվում է, որ «Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026թ. ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը»։

Ծառայությունը քիչ հավանական է համարում այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։

Միաժամանակ, նշվում է, որ 2026-ին նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում. «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս, մեծ հավանականությամբ, առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը»:

«Միևնույն ժամանակ սակայն, 2026թ. կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վնասակար գործողությունների ռիսկերը։ Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը»,- ասվում է զեկույցում:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։

Զեկույցում ռազմաքաղաքական ռիսկերի շրջանակում քիչ հավանական է համարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող հակամարտության կայուն և երկարաժամկետ հանգուցալուծումը, միաժամանակ նշում, որ կպահպանվեն Իրան-Իսրայել փոխադարձ հարվածների կրկնվելու և Մերձավոր Արևելքում զինված բախումների շարունակման ռիսկերը։

«Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով Ծառայության 2026թ. գնահատականը չի տարբերվում անցյալ տարվա գնահատականից։ Մասնավորապես, Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, ինչը շարունակում ենք գնահատել որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր և հետևությունների աղբյուր կառույցի մյուս անդամ պետությունների համար»,- ասվում է զեկույցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն