«Գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ակտիվացում». Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույց

Մեր երկրի այս տարվա արտաքին վտանգների պատկերում օբյեկտիվորեն մեծ բաժին են կազմում կանխատեսվող արտաքին միջամտության և հիբրիդային վտանգների մասին գնահատականները՝ պայմանավորված 2026թ. Հայաստանում համապետական ընտրությունների տարի լինելու հանգամանքով։ 

Այս մասին նշված է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցում, որը հրապարակել է Արտաքին հետախուզության ծառայությունը:

Ծառայությունը ներկայացրել է «հիբրիդային պատերազմ» հասկացության բացատրությունը՝ նշելով. Հիբրիդային պատերազմը մեկ ընդհանուր մտահաղացմամբ տարբեր բնույթի միջոցների (ռազմական, տնտեսական, տեղեկատվական) համադրության՝ բացահայտ ու ծածուկ եղանակով կիրառումն է՝ նպատակ ունենալով վնասել թիրախին՝ ստեղծելով անորոշություններ, տագնապ, պետական ինստիտուտների բնականոն գործունեության պարալիզացում, հանրային կարծիքի ցանկալի ուղղությամբ ուղղորդում՝ միաժամանակ բարդացնելով պատասխանատվության վերագրման ու պատասխան քայլերի հնարավորությունները, ինչպես նաև հիբրիդային պատերազմի հեղինակի բացահայտումը: …»:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ. «Արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից (Լեռնային Ղարաբաղից՝ խմբ.) տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ»:

Նշվում է, որ 2026-ին հիբրիդային գործողությունները զգալիորեն կակտիվանան «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու ուղղությամբ։ 

Ըստ զեկույցի՝ հիբրիդային հարձակումների շրջանակում սպասվում է գործակալական ցանցի, ազդեցության գործակալների, գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր-մշակութային կառույցների ու դրանց՝ հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում:

Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը»,- նշվում է զեկույցում՝ հավելումով, որ այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։

Ըստ Արտաքին հետախուզության ծառայության՝ նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն