Ըստ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցի՝ հիբրիդային սպառնալիքների շրջանակում սպասվում են տնտեսական, էներգետիկ ճնշումներ:
Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի մեջ նշվում է, որ 2025-ին նկատելի են եղել տարբեր դերակատարների կողմից հիմնական արտահանման ապրանքների մասով առերևույթ օբյեկտիվ, սակայն իրականում հատուկ հրահրվող ու կազմակերպվող խոչընդոտները (ներառյալ ոչ պետական դերակատարների ներգրավմամբ), որոնք դրսևորվել են ապրանքների խմբաքանակների առգրավումներից մինչև դրանք արտահանող ֆիզիկական անձանց դեմ քրեական գործերի հարուցումներով, արտահանմանը ներգրավված տեխնիկական անձնակազմի զանգվածային ձերբակալություններով, արտաքսումներով, ինչպես նաև այլ խոչընդոտներով:
«Այս գործողությունների նպատակը գործարարությամբ զբաղվող ընտրողների շրջանում կառավարության քաղաքականությունից դժգոհություն գեներացնելը և հետևաբար նրանց ընտրությունն ուղղորդելն է։ 2025 թվականին արձանագրված այս միտումը, մեծ հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին»,- ասվում է զեկույցում:
Ծառայությունը քիչ հավանական է համարում էներգետիկ ճնշումները՝ միաժամանակ նշելով, որ դրանք հիբրիդային գործողությունների արդյունավետ միջոց կարող են լինել, եթե Հայաստանի դեմ ճնշումը բարձրացնելու որոշում կայացվի։
Զեկույցում նշվում է, որ հավանական է, որ միգրացիոն կանոնների փոփոխությունները, դրանց ընտրողաբար կիրառումը Հայաստանի քաղաքացի միգրանտների նկատմամբ հիբրիդային գործիքակազմի մաս կազմեն։
«Սա նույնպես կառավարությունից դժգոհության գեներացման ու ընտրողների քվեարկության վրա ազդելու նպատակ է հետապնդում»,- ասվում է զեկույցում: