Հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները 2026-ին կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը։
Այս մասին նշվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցում։
Ըստ զեկույցի՝ 2026թ. կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վնասակար գործողությունների ռիսկերը։
«Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը»,- ասվում է զեկույցում:
Այս համատեքստում նշվում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր։
«Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։
2026 թվականին Ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։
Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ [Լեռնային՝ խմբ.] Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է»,- ասվում է զեկույցում: