armenpress.am ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում՝ կանխելով ապօրինի ձկնորսությունը։ 2025 թվականի նոյեմբերի 20-ից Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ կանխարգելման միջոցառումների շրջանակում սիգի ապօրինի որսի 57 դեպք է հայտնաբերվել, հարուցվել է 47 վարչական վարույթ։ Դրանից բացի, առերևույթ հանցագործության հատկանիշներով նախաքննական մարմնին հաղորդում է ներկայացվել, որի արդյունքում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ։
«Մինչ այժմ ունեցած ցուցանիշների համաձայն՝ առգրավվել է 2 հազար 210 կգ սիգ ձկնատեսակ, 17,75 կգ սիգի ձկնկիթ։ Պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 3 մլն 927 հազար 990 դրամ։ Կանխարգելիչ միջոցառումը դրական եմ գնահատում, ակնհայտ է, որ հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում այս շրջանում սիգի վաճառքի ակնառու շատ դեպքեր չենք ֆիքսել»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։
Տեսչական մարմի ղեկավարը նշեց, որ Սևան ազգային պարկի հետ արդյունագործական ձկնորսության պայմանագրեր ունեցող քաղաքացիներն այս կանխարգելիչ միջոցառումների հետ համաձայն են։ Նրանք ավելի շատ են շահագրգռված, որ ապօրինի որս չլինի։
«Պետք է քաղաքացիներն իմանան, որ այս սեզոնին սիգի որս կատարելն ամբողջությամբ կանխում է հետագա պաշարների ձևավորումը։ Այս տարի մենք այս միջոցառումն իրականացրել ենք մեր քաղաքացիների հետ ունեցած փոխըմբռնման մթնոլորտում։ Որևէ անհասկանալի իրավիճակ չենք ունեցել։ Եկել ենք այն համոզման, որ սիգի ապօրինի որսը ոչ թե օգուտ է տալիս, այլ վնաս»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։