armenpress.am ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թվականին ուսումնասիրել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ արդյունքներն ամփոփվում են, սակայն այս փուլում որոշ դիտարկումներ կարող է ներկայացնել։
«Մենք ստուգել ենք գրեթե 750 ջրառի կետեր։ Ստուգումն իրականացրել ենք հանրապետության ամբողջ տարածքով։ Բավական հետաքրքրիր արդյունքներ ունենք արձանագրված, հիմա ամփոփման փուլում ենք։ Նախնական կարող եմ ասել, որ շատ վատ վիճակ չէ, այն, ինչ կարող էինք պատկերացնել։ Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծվող են։ Ամենամեծ խնդիրն ունենք ջրահեռացման համակարգում, որը, կարելի է ասել, որոշ համայնքներում գրեթե բացակայում է»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։
Անդրադառնալով ջրօգտագործմանը՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ կորուստների հետ կապված խնդիրներ կան։ Նա տեղեկացրեց, որ քննարկումներ են ունեցել Ջրային կոմիտեի հետ։
«Կարծում եմ, որ առաջիկայում միջոցառումներ կիրականցվեն և խնդիրը կմեղմվի։ Ես ուզում եմ ընդգծել, որ տեսչական մարմինը չի բավարարվում միայն ուսումնասիրությունների արդյունքներն արձանագրելով։ Մենք համապատասխան ոլորտի քաղաքականություն մշակող, կառավարող մարմնին ամբողջ տեղեկատվությունը փոխանցում ենք, նաև առաջարկություններ ենք ներկայացնում, թե ինչ լուծումներ կարող են տալ խնդիրները կարգավորելու համար»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։