ՀՀ ԱՍՀ նախարարն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև ԼՂ–ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման, երկարաժամկետ վարձակալության ու ինքնազբաղվածության խթանման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները և այդ համատեքստում կարևորել անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանց թվային գրագիտության բարձրացմանն ու կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքները։ Դիտարկվել է շվեյցարական կողմի աջակցության հնարավորությունը՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում վերապատրաստումներ և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։

Դեսպան Բաումանը վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ շարունակելու ու անհրաժեշտ ջանքեր ներդնելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն