Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն առցանց քննարկում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Մանոլ Գենովի հետ։
«Գործընկերոջս հետ քննարկեցինք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղղությունները։
Ներկայացրեցի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային առաջնահերթությունները՝ անդրադառնալով առաջիկա միջոցառումների հիմնական շեշտադրումներին ու սպասվող աշխատանքային փուլերին։ Ընդգծեցինք, որ համաժողովը կարևոր հարթակ է՝ կենսաբազմազանության պահպանության ու կայուն զարգացման նպատակների շուրջ համատեղ քայլերն ու մոտեցումները համադրելու համար։
Առանձնակի ուշադրություն դարձրինք ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հիմնահարցերին՝ ջրի խնայող և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, ջրային էկոհամակարգերի պահպանությանը, ինչպես նաև ջրային ռիսկերին դիմակայելու և կանխարգելման միջոցառումներին։ Այս համատեքստում կարևորեցինք փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների խթանումը»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով քննարկումից մանրամասներ է հայտնել Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով նաև, որ պայմանավորվել են շարունակել մասնագիտական շփումները և առաջիկայում դիտարկել կոնկրետ համագործակցային հնարավորություններ։