civilnet.am Եպիսկոպոսաց ժողովին հրավիրված են բոլոր եպիսկոպոսները, այդ թվում՝ վարչապետի «բարենորոգման ծրագրին» միացած եպիսկոպոսները։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հայաստանում տիրող իրավիճակն էր, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։
Թե ինչ հարցեր են դրված ժողովի օրակարգում, Մայր Աթոռից դեռ չեն մեկնաբանում։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերյան քննարկումների արդյունքում հրավիրվող ժողովի օրակարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերն են։