Բաքուն ընդունել է Թրամփի հրավերը՝ դառնալու Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ | civilnet.am

civilnet.am Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու հրավերը, ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է մեր երկրի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և համապատասխան քայլերը կիրականացվեն սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

Ադրբեջանը, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվորեն նպաստել միջազգային համագործակցությանը, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդմանը», – ասված է հայտարարության մեջ։

Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին։ Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրների։ Դրանց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսը։

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։

Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է: Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցման, ապառազմականացման և տարածաշրջանային կայունության ապահովման կառավարումն է:

Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես Միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային, առավել գործնական և արդյունավետ ձևաչափ, որը պետք է գործի անմիջականորեն իր վարչակազմի հովանու ներքո:

Սպիտակ տունը հայտարարել է, որ երկրները կարող են 1 մլրդ դոլար նվիրաբերել մշտական ​​անդամ դառնալու համար, այլ ոչ թե ունենալ սովորական երեք տարվա անդամակցություն։

Ըստ Թրամփի հայտարարությունների՝ խորհուրդը լինելու է «երբևէ ստեղծված ամենահզոր մարմինը», որի կանոնադրությունը նախատեսված է ստորագրել հունվարի 22-ին Դավոսում:

Խորհրդի նախագահը՝ ԱՄՆ նախագահը, կունենա բացառիկ լիազորություններ կառավարման նկատմամբ, կկարողանա վետո դնել ցանկացած որոշման վրա և որոշել, թե ով կդառնա անդամ, և ով՝ կհեռացվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն