Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը․ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը։ Նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

«Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։

Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։

Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա։ Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։

Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։

«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։

«Վելլար գրուպ»-ը շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից է»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն