civilnet.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «պայթեցնել» Իրանն ու այն «ջնջել երկրի երեսից», եթե Թեհրանը փորձի իրականացնել իր դեմ ուղղված մահափորձի սպառնալիքները։
NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ արդեն իսկ լիակատար պատասխան հարվածի «խիստ հրահանգներ» է տվել՝ ընդգծելով, որ իր դեմ ուղղված ցանկացած ոտնձգության դեպքում Իսլամական Հանրապետությունը կբախվի կործանարար հետևանքների։
Թրամփը կտրուկ քննադատել է Ջո Բայդենի վարչակազմին «անգործության» համար՝ պնդելով, որ գործող նախագահը պարտավոր էր ավելի վաղ հասկացնել Թեհրանին, որ նման սպառնալիքներն անընդունելի են։
Իրանից հնչող սպառնալիքները ներառում են ինչպես պաշտոնական հայտարարություններ, այնպես էլ քարոզչական նյութեր։ Մասնավորապես, Իրանի պետական լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ ակնարկվում էր Թրամփի դեմ նոր մահափորձի մասին, իսկ բարձրաստիճան զինվորականներ, ինչպիսին է գեներալ Աբոլֆազլ Շեքարչին, հրապարակավ խոստացել են «դաժան հատուցում» Սոլեյմանիի մահվան համար պատասխանատուներին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին նույնպես բազմիցս շեշտել է, որ վրեժխնդրությունը մնում է օրակարգում։ Թեև Իրանի ներկայացուցչությունը ՄԱԿ-ում հերքել է մահափորձերի մեջ ուղիղ ներգրավվածությունը՝ Թրամփի հայտարարություններն անվանելով «անօրինական սպառնալիք», Վաշինգտոնը շարունակում է ուժեղացնել նախագահի անվտանգությունը՝ հաշվի առնելով հետախուզական տվյալների լրջությունը։