Կապսի ջրամբարի կառուցման համար Կառավարությունը պարտք չի վերցրել | armenpress.am

armenpress.am Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքների համար Կառավարությունը պարտք չի վերցրել:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Քանի որ սա վարկային ծրագիր է, եթե աշխատանք չի արվել, վճարում չի արվել, ապա պարտք էլ չի վերցվել: Սրանք այնպիսի ծրագրեր են, որ հատկացումների ժամանակ է պարտքն առաջանում»,- ասաց Հովհաննիսյանը:

Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ջրամբարի կառուցման աշխատանքները դադարեցվել են, քանի որ կապալառուն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները։

«Այսպիսի կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերում լինում են դեպքեր, երբ ունենում ենք խնդիր կապալառուի հետ, եթե պայմանագիրը խզվում է, նշանակում է, որ մենք երկար պետք է սկսենք այլ կապալառու գտնել: Կապալառուին փոխելը շատ ռիսկային գործընթաց է»,- նշեց նախարարը:

2022 թվականի հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրում նոր գյուղ կկառուցվի։ Վարչապետը դա կապել էր Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի հետ, որի արդյունքում ջրամբարի կառուցման համար հատկացված տարածքի հարևանությամբ գտնվող Ջրաձոր բնակավայրը պետք է տեղափոխվեր, այսինքն՝ պետք է կառուցվեր նոր գյուղ, որտեղ էլ պետք է տեղափոխվեին Ջրաձոր բնակավայրի բնակիչները։ 2025 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Կապսի ջրամբարի շինարարությունը դադարեցվել է, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը լուծարելու գործընթաց է սկսել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն