Առաջին կուրսից արդեն աշխատանքի. քիմիայի ոչ քիմիական խնդիրները Հայաստանում
- Երջանիկ Հարությունյան
Քիմիկոսների պահանջարկը Հայաստանում այնքան մեծ է, որ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Քիմիայի ֆակուլտետում սովորող ուսանողները արդեն առաջին կուրսից աշխատում են տարբեր ոլորտներում:
«Շատ գիտական կենտրոններ չեն սպասում չորրորդ կուրսի ավարտին, որ ավելի գիտակից և հմուտ մասնագետ լինի»,- ասում է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, քիմիական գիտությունների դոկտոր Արմեն Գալստյանը:
«Ես այս պահին ևս երեք քիմիկ կուզենայի վերցնել աշխատանքի»,- իր հերթին ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Նանոգիտության և տեխնոլոգիաների ինովացիոն կենտրոնի ղեկավար Մկրտիչ Երանոսյանը։
Խնդիրը՝ արմատներից
Հայաստանի պետական բուհերում քիմիայի ուղղությամբ մասնագիտություններով ընդունվածների թիվը 2016-ի համեմատ վերջին տարիներին կտրուկ նվազել էր, ու միայն նախանցած տարի է, որ մի փոքր աճ է գրանցել։
Քիմիայի ուղղությամբ մասնագիտություններով բուհերում սովորող ուսանողների թիվը ևս գնալով նվազել է, և անգամ նախորդ տարիներին աճ չկար։
Արմեն Գալստյանը, որը ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում և՛ դասավանդում է, և՛ գիտական թիմ ղեկավարում, ասում է՝ հետխորհրդային շրջանում Հայաստանում բնագիտական ոլորտը սկսել էր տարեցտարի անկում ապրել, քանի որ արտադրությունները փակվում էին, գիտահետազոտական ինստիտուտներում աշխատատեղերը՝ քչանում, վարձատրությունն էլ՝ նվազում։
«Դրանից ելնելով՝ Հայաստանը մեծ մասամբ ուզում էր ունենալ տնտեսագետներ, միջազգայնագետներ, իրավաբաններ, որովհետև դրանք պահանջում են գրասենյակային աշխատանքների իրականացում»:
Արմեն Գալստյան
Նրա խոսքով ուսանողների մեծ մասը 90-ականներից հետո սկսել էր բարձրագույն կրթություն ստանալ վերը նշված ոլորտներում, որտեղ ձեռք բերած գիտելիքները ավելի հեշտ էր տարբեր ոլորտներում կիրառելը։
«Քիմիայի ֆակուլտետ դիմում էին այն դիմորդները, որոնք միասնական քննություններից ցածր միավորներ հավաքելու հետևանքով Բժշկական համալսարան չէին ընդունվել։ Քիմիա մասնագիտությունը դարձել էր ելակետային տիրույթ․ շատ դեպքերում առաջին կուրսը ավարտելուց հետո ուսանողները կարողանում էին տեղափոխվել այլ բուհ և հարակից մասնագիտություն սովորել»:
Արմեն Գալստյան
Սակայն ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում նկատել են, որ վերջին տարիներին ավելի նպատակասլաց դիմորդներ են ընդունվում, և ընդունելությունն էլ, իր հերթին, ավելի բարձր ցուցանիշներով է լինում։
«Ճիշտ է, մրցակցություն չի լինում․ այդքան շատ չեն, բայց հիմա ավելի գիտակից և պատրաստակամ դիմորդներ են գալիս»:
Արմեն Գալստյան
Ֆակուլտետի՝ քիչ դիմորդներ ունենալու մյուս խնդիրը իրազեկվածության բաղադրիչն է։
«Հետսովետյան շրջանում շատ էր բնագիտական մասնագիտությունների պախարակումը, որովհետև մտածում էին՝ ի՞նչ գործ պետք է գտնես։ Եվ մինչև հիմա էլ այս կարծրատիպը կա»։
Արմեն Գալստյան
Ներկայումս ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետն ունի երկու կրթական ծրագիր՝ «Քիմիա» և «Սննդի անվտանգություն»։ «Քիմիա» մասնագիտության համար 2025-2026 ուստարվա համար հատկացված էր 20 տեղ՝ 12 անվճար, 8 վճարովի, որոնցից առաջին փուլով լրացվել էին միայն 12 անվճար տեղերը: Մնացած 8 վճարովի տեղերը լրացվել են միայն երկրորդ փուլով: Դրա հետ համեմատած՝ 2024 թվականին առաջին փուլով ընդունվել էին միայն 9 հոգի։ Սակայն երկրորդ փուլով բոլոր 12 անվճար թափուր տեղերը լրացվել էին։
«Սննդի անվտանգություն» մասնագիտության համար 2025-2026 ուստարում հատկացվել էր 15 տեղ՝ 7 անվճար, 8 վճարովի, որոնցից առաջին փուլով լրացվել է միայն 3-ը, իսկ երկրորդ փուլով՝ մնացած բոլոր 12-ը։
Արմեն Գալստյանը պատմում է, որ ԵՊՀ-ն ամեն տարի դիմորդների հետ ակտիվ աշխատանքներ է տանում՝ նրանց՝ դեպի Քիմիայի ֆակուլտետ գրավելու համար՝ դպրոցականների շրջայցեր՝ որոշակի լաբորատոր աշխատանքների շրջանակներում, քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլի անցկացում և այլն:
Անցած տարի ֆակուլտետի «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագիրը ավարտել է 4 հոգի: 2-րդ կուրսերում ևս 4 հոգի է սովորում։
Ըստ Արմեն Գալստյանի՝ քիմիայի մասնագետների կարիք կա ոչ միայն դպրոցներում, այլև գիտական և արտադրական համայնքներում․ «Չկա շաբաթ, որ մեկ կամ երկու անգամ չզանգահարեն ինձ և լավ մասնագետի կարիք չունենան։ Ինձ ասում են՝ համոզի՛ր, թող գա մեզ մոտ։ Հիմնականում բոլոր լավ մասնագետները արդեն ունեն աշխատանք, և հիմա մտածում են՝ որ աշխատանքից որին անցնեն՝ ավելի բարձր վարձատրվող կամ հարմար պայմաններով»։
Քիմիան և դպրոցը
ԿԳՄՍՆ տվյալներով 2025 թ. ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ դպրոցներում կա ուսուցչի 5368 թափուր հաստիք, որից 176-ը կամ 3%-ը բաժին է ընկնում քիմիային:
ԲՏՃՄ առարկաներից շատ թափուր տեղեր ունեն նաև ֆիզիկան (292), մաթեմատիկան (636), ինֆորմատիկան (316), աշխարհագրությունը (206):
Արմենուհի Խոջայանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ է: Արդեն 15 տարուց ավելի է, ինչ նա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Համար 1 հիմնական դպրոցում դասավանդում է կենսաբանություն և քիմիա առարկաները։
Ըստ ԿԳՄՍՆ տվյալների՝ 2025 թվականի ապրիլի 15-ի դրությամբ քիմիայի և ֆիզիկայի մասնագետների պակասի պատճառով դպրոցներում թափուր է եղել համապատասխանաբար 176 և 292 ժամաքանակ։ Արդյոք դրանք լրացվել են, թե ոչ, պարզ չէ, սակայն փաստ է, որ բավարար մասնագետներ չլինելու պատճառով է նաև, որ մի մասնագետը ստիպված է մի քանի առարկա դասավանդել:
ԲՏՃՄ ոլորտներում բարձրագույն կրթության մարտահրավերները և խթանման մեխանիզմները
2022-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիր»-ը, որի նպատակն է նախանշել ՀՀ կրթական համակարգի համապարփակ բարելավումը՝ նախադպրոցական համակարգից մինչև բարձրագույն կրթություն։
Փաստաթղթում նշվում է, որ վերջին տարիներին նկատվում է դասախոսական անձնակազմի ծերացում և ցածր վերարտադրողականություն հատկապես ԲՏՃՄ (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղություններում։ Օրինակ՝ «Ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ գիտամանկավարժական անձնակազմի միջին տարիքը 60 է, ֆիզիկա մասնագիտությամբ՝ 59, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ՝ 57, քիմիա մասնագիտությամբ՝ 56։ Եվ սրա հետևանքով 2022 թ․ ավարտին նկատվում էր, որ մարզային բուհերում որոշ մասնագիտություններով առաջիկա տարիներին մասնագետներ չլինելու պատճառով կարող են կրթական ծրագրեր փակվել։
ԿԳՄՍՆ-ից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնում են, որ 2024-2025 ուսումնական տարիներին ԲՏՃՄ ոլորտի որևէ մասնագիտություն չի փակվել. կատարվել են որոշ փոփոխություններ. ԵՊՀ-ում «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերը որպես առանձին մասնագիտացումներ հանվել են, իսկ «Ռադիոֆիզիկա» ծրագիրը փոխարինվել է «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» նոր կրթական ծրագրով:
Սրա հետ մեկտեղ, «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նաև նշվում էր, որ 2022 թվականի դրությամբ բուհերում ընդունելության 29%-ն իրականացվել է 4 մասնագիտությամբ՝ «Մասնագիտական մանկավարժություն», «Տնտեսագիտություն», «Կառավարում» և «Իրավագիտություն», քանի որ դրանք ԲՏՃՄ մասնագիտությունների համեմատ քիչ ծախսատար են։ Իսկ մասնագիտությունները, որոնք զարգացած տնտեսություններում ունեն բարձր պահանջարկ, ինչպիսիք են «Վիճակագրությունը», «Տեղեկատվական համակարգերը», «Տեղեկատվական տեխնոլոգիաները», «Նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիան», «Կենսաբանությունը», բուհերում քիչ են ուսուցանվում:
«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև վերանայել բարձրագույն կրթության ֆինանսավորման մոտեցումները՝ մասնավորապես կրթաթոշակային քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի նպատակային և մեծացնելով դրա չափը։
Որպես օրինակ՝ ստեղծվել է բարձրագույն կրթության հասանելիության մասով ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագիրը, որով նախատեսվում է Մանկավարժական և Ագրարային համալսարանների՝ բարձր առաջադիմությամբ ուսանողներին տրամադրել 77 000 դրամ կրթաթոշակ։
ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագիծը երկու հիմնական ուղղություն է նախատեսում, մասնավորապես՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների սահմանում՝ դրանք դարձնելով ավելի խրախուսելի և խթանող։ Կառավարությունը ակնկալում է, որ դրա արդյունքում կմեծանա այդ մասնագիտություններով սովորողների թիվը: Սակայն ծրագրում ներառվել են միայն Հայաստանի պետական մանկավարժական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանները:
ԿԳՄՍՆ-ն հաղորդում է, որ ծրագրի արդյունքում 2024-2025 ուսումնական տարում ԲՏՃՄ ուղղություններով մանկավարժական և գյուղատնտեսական մասնագիտություններով բուհեր են ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ ԳԹԿ տվյալներով 2024-2025 ուսումնական տարում քիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկում էին նաև ՀՊՄՀ-ում «Քիմիա», «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն-Բնագիտություն» մասնագիտությունները, որոնց համար ևս սահմանված է 70 000 դրամ կրթաթոշակ:
2 տարվա կտրվածքով ծրագրի շահառու էր դարձել 621 ուսանող՝ 160-ը՝ բակալավրի մակարդակում և 461-ը՝ մագիստրատուրայի, նրանցից 76-ը սովորում է գերազանցությամբ՝ ստանալով 70 000 դրամ կրթաթոշակ, սակայն դեռ փաստ չէ, որ այս ուսանողները հետագայում կլրացնեն աշխատաշուկայում տվյալ մասնագիտություններով առկա թափուր տեղերը:
ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետը նույնպես դիմել էր այդ նախաձեռնությանը՝ հաշվի առնելով, որ համալսարանը բնագիտական ոլորտի բոլոր մասնագիտությունների համար վճարովի հիմունքներով տրամադրում է նաև լրացուցիչ 30 կրեդիտ, որով ուսանողը կարող է դառնալ մանկավարժ։
Արմեն Գալստյանը նշում է, որ ԵՊՀ-ն նույնպես ունի ագրարային մասնագիտություններ, ինչպիսին է «Սննդի անվտանգությունը»։
Կառավարությունը ընտրված բուհերի ցանկում, սակայն, ԵՊՀ-ն չէր ներառել՝ պատճառաբանելով ագրարային և մանկավարժական մասնագիտությունների կարևորությունը և Հայաստանի պետական մանկավարժական ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանների ամրապնդումը։
Ֆիզիկան՝ առանց քիմիայի
Քանի որ նյութագիտությունը բազմադիսցիպլինար ուղղություն է, հետազոտություններն իրականացնելու համար հավասարապես անհրաժեշտ են և՛ ֆիզիկոսներ, և՛ քիմիկոսներ, և՛ կենսաբաններ։ Դրանով պայմանավորված ևս կտրուկ ավելանում է քիմիկոսների պահանջարկը։ Այն հատկապես մեծ է պինդ մարմնի ֆիզիկայի հարցերով զբաղվող գիտական խմբերի համար։
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնի աշխատակիցների ընդհանուր քանակը քսան է։ Քսանից ընդամենը չորսն են քիմիկոսներ, որոնց ունենալու համար բավականին մեծ ջանք են թափել։
Հետազոտական աշխատանքներում ընդգրկված է հիմնականում մեկ քիմիկոս, որը քիմիական գիտությունների թեկնածու է։ Մյուս երկուսը բակալավրի ուսանողներ են, մեկը՝ մագիստրատուրայի։
«Առանձին գիտակարգերում, որոնք կիրառական գիտությամբ են զբաղվում, և որոնց գրանցած արդյունքը պետք է կիրառվի տնտեսության մեջ, առանց քիմիայի, միայն ֆիզիկայով էքսպերիմենտալ արդյունքը տեսական է և չի բավականացնում»,- ասում է ֆիզիկական գիտությունների դոկտոր Մկրտիչ Երանոսյանը, որը ղեկավարում է Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը։
Կենտրոնը փորձում է իրեն անհրաժեշտ մասնագետներ ստանալ նաև ԵՊՀ «Նյութագիտություն» մագիստրոսական ծրագրից, որտեղ է դասավանդում կենտրոնի «Հեղուկ բյուրեղային նանոհամակարգեր» գիտական խմբի ղեկավար Հերմինե Ղարագուլյանը։ Սակայն ուսանողները քիչ են՝ ամեն տարի երեք-չորս հոգի։
Ըստ Մկրտիչ Երանոսյանի՝ մեկ այլ խնդիր էլ կա․ քիմիայի գծով եղած մասնագետները ունեն գիտելիքի պակաս և չեն բավարարում իերնց պահանջներին։
«Մեզ մոտ գալիս են պրակտիկայի, ամիսներով աշխատում են, մենք այդ բացը լրացնում ենք։ Նույնիսկ Բժշկական համալսարանից մի հոգի ունենք, որ մեզ մոտ համատեղությամբ աշխատում է։ Մեզ համար ավելի շատ գիտելիքն է կարևոր, քան կոնկրետ մասնագիտությունը․ նկարիչ էլ որ լինի, եթե լավ իմանա քիմիա, գործից գլուխ հանի, կարող ենք վերցնել աշխատանքի»։
Մկրտիչ Երանոսյան
Կենտրոնի համար կարևոր է հատկապես քիմիական ֆիզիկայի դերը։ Սակայն ներկայումս ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում քիմիա առարկա չեն դասավանդում: Արմեն Գալստյանն, օրինակ, դա այնքան էլ ճիշտ չի համարում։
«Աշխարհի բոլոր համալսարաններում ֆիզիկոսը առանց քիմիայի ֆիզիկոս չէ։ Նրանց կրթական ծրագրերում պարտադիր բաղադրիչներից մեկը քիմիան է։ Մեզ մոտ սովետական ծրագրերում որոշ չափով եղել է, բայց որոշ ժամանակ հետո այդ առարկան հանել են։ Ներկայումս ֆիզիկոսները շատ դեպքերում զբաղվում են քիմիայով՝ նյութերի սինթեզով, դրանց որոշակի հատկությունների որոշումներով, բայց ինքնուսույց են այդ տիրույթում՝ հիմնականում հիմնված դպրոցի գիտելիքի վրա։ Ես միշտ պնդում եմ այն փաստը և մինչև հիմա էլ ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտին ասում եմ, որ ձեր կրթական ծրագրերում այդ բաղադրիչը պարտադիր պետք է մտնի»։
Արմեն Գալստյան
Մկրտիչ Երանոսյանը և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը նպատակ ունեն Ֆիզիկայի ֆակուլտետում մտցնել կրթական ծրագիր՝ թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսական, որտեղ կարևոր դասավանդող առարկաների մեծամասնությունը քիմիական կլինի։ Այս մեթոդաբանությունը ենթադրում է, որ տարբեր գիտակարգեր հանդես կգան համատեղ։
«Նաև պետք է սկսել դպրոցից։ Օրինակ, գաղափարներ կան իրականացնել այնպիսի դասընթացներ, որոնց ժամանակ պետք է լինեն քիմիա-ֆիզիկա-կենսաբանություն համատեղ փորձեր։ Աշխարհում կան այդպիսի փորձեր»։
Մկրտիչ Երանոսյան
Աշխարհի առաջատար բուհերում Ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսում դասավանդվում է նաև քիմիա առարկան: Դրա օրինակը տվել ենք Գերմանիայի Լայպցիգի և Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարնների օրինակով, որոնք աշխարհին տվել են Նոբելյան մրցանակի արժանացած և քվանտային մեխանիկայում խոշոր նվաճումներ ունեցած ֆիզիկոսների:
Գերմանիայի Լայպցիգի համալսարանի Ֆիզիկայի և երկրի մասին գիտությունների ֆակուլտետի Ֆիզիկա բաժնում առաջին կուրսում ընդգրկված է «Քիմիայի հիմունքներ» առարկան, բայց դրա հետ մեկտեղ քիմիային է առնչվում նաև «Փորձարարական ֆիզիկան», որի մեջ կան քվանտային քիմիայի տարրեր։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսումնական ծրագրում նույնպես ներառված է «Ընդհանուր քիմիա» առարկան։ Բացի այդ՝ ուսանողները քիմիայի տարրեր ուսումնասիրում են նաև «Քվանտային մեխանիկայի ներածություն» առարկայի շրջանակում։
Ներկայումս, իհարկե, իրականացվում են որոշակի քայլեր՝ տարբեր ոլորտներում քիմիային առնչվող առկա խնդիրները մեղմելու կամ վերացնելու համար, բայց դրանք դեռևս համակարգային բնույթ չեն կրում և հիմնականում սահմանափակվում են առանձին նախաձեռնություններով։ Մինչդեռ ոլորտի կայուն զարգացման համար անհրաժեշտ է միաժամանակյա և շարունակական մոտեցում՝ կրթությունից մինչև գիտահետազոտական և արտադրական փուլեր։ Առանց այդ ամբողջական շղթայի վերականգնման դժվար է ապահովել նոր սերնդի մասնագետների պատրաստումը և գիտության իրական ինտեգրումը տնտեսության մեջ։
Հայաստանի բուհերում ամենից քիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ: