Արթուր Հովհաննիսյանը պրիմիտիվ և վտանգավոր է համարում վարչապետի աշխատավարձը 1 դրամ սահմանելու մասին հայտարարությունները | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վտանգավոր է համարում վարչապետի աշխատավարձը 1 դրամ սահմանելու վերաբերյալ ընդդիմության հայտարարությունները:

Այս մասին Հովհաննիսյանը հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում:

«Սա պետություն է, և պետական կառավարման համակարգում անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք պետք է վարձատրվեն իրենց կատարած աշխատանքի համար և պետությանը մատուցեն բարձրորակ, լավ ծառայություն, զերծ կոռուպցիոն և այլ մեխանիզմներից: Եթե կա մարդ, ով պատրաստ է որպես վարչապետ աշխատել, նման ծանր և պատասխանատու աշխատանք կատարել մեկ դրամով, հարցեր են առաջանում, թե այդ մարդու կարիքներն ո՞վ է հոգալու: Այս հարցերի պատասխանները տանում են այնտեղ, որ ուրիշներն են այդ ամեն ինչն անելու և, հետևաբար, ուրիշներն են այդ մարդկանց միջոցով երկիրը կառավարելու: Եթե մարդն իր աշխատանքի դիմաց վարձատրություն չի ստանում, ուրիշ տեղից է այդ գումարը վերցնում՝ սև, մութ ճանապարհներով: Այս հայտարարությունը պրիմիտիվ և նաև վտանգավոր հայտարարություն է»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավոր Թագուհի Ղազարյանը հավելեց՝ անհրաժեշտ է հետաքրքրվել, թե նման հայտարարություն հնչեցրած «Տաշիր» ընկերության ներկայացուցիչները վերջին տարիներին որքան արտոնություններ են խնդրել և ստացել ՀՀ կառավարությունից:

«Արդյոք դա մեկ դրա՞մ է եղել, թե՞ մի քանի միլիարդ դրամ»,- նշեց Ղազարյանը:

Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իրենց վարչապետի աշխատավարձը լինելու է 1 դրամ։ Կարապետյանը նշել է, որ  աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրի վարչապետն աշխատավարձ չի կարող ստանալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն