Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Խաղաղության խորհրդի» հիմնադրմանը | civilnet.am

civilnet.am  Դավոսում հունվարի 22-ին ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Կանոնադրությունը ստորագրեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ է միացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերով։

Իր ելույթում Թրամփը կրկնել է այն պնդումը, թե պաշտոնը ստանձնելուց ի վեր ինքը վերջ է դրել ութ պատերազմի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նա հավելել է, որ մեկ այլ կարգավորում «սպասվում է շատ շուտով»՝ նկատի ունենալով Ուկրաինան:

Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է: Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցման, ապառազմականացման և տարածաշրջանային կայունության ապահովման կառավարումն է:

Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես Միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային, առավել գործնական և արդյունավետ ձևաչափ, որը պետք է գործի անմիջականորեն իր վարչակազմի հովանու ներքո:

Ըստ Թրամփի հայտարարությունների՝ խորհուրդը լինելու է «երբևէ ստեղծված ամենահզոր մարմինը»:

Խորհրդի գործադիր կազմում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը և Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն