armenpress.am Դավոսում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Հունվարի 22-ին ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորումը «շուտով» կլինի։
Վոլոդիմիր Զելենսկին խաղաղության բանակցությունների համար ժամանել է Շվեյցարիա, որտեղ այս օրերին տեղի է ունենում Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Ակնկալվում է, որ Զելենսկին ելույթ կունենա և կմասնակցի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված պանելային քննարկմանը։ Նա նաև կհանդիպի էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտնել էր, որ չի մասնակցելու համաժողովի աշխատանքներին և Դավոս կմեկնի միայն այն պայմանով, եթե հնարավորություն լինի համաձանություն կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջ տալու իր երկրում չորս տարի շարունակվող պատերազմին։
Թրամփը Դավոսում հայտարարեց, որ հունվարի 22-ին հանդիպելու է Զելենսկու հետ։ Այս տեղեկությունից հետո միայն պաշտոնական Կիևը հաստատեց Զելենսկու՝ Շվեյցարիա մեկնելու մասին տեղեկությունը։