Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում | hetq.am

hetq.am Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար։ Հարցազրույց տված անձինք և Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցն ասում են՝ չեն տեղեկացվել, որ հարցազրույցները կարող են հայտնվել ադրբեջանական ֆիլմում։

Ֆիլմը հրապարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն ու անգլերեն: Ֆիլմում ներառված են հատվածներ նախկինում Արցախի ԱԽ քարտուղար, ռազմական ու քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի, Արցախի նախկին պետնախարար, Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի, նույն գործակալության ժողովի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանի հետ իսպանական TPTM Media-ին տված հարցազրույցներից, որտեղ նրանք խոսում են կա՛մ Ռուբեն Վարդանյանի, կա՛մ այնպիսի կազմակերպությունների գործունեության մասին, որոնց հետ Ռուբեն Վարդանյանը առնչություն է ունեցել: Մինչդեռ նրանք համաձայնել էին հարցազրույց տալ բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար:

Հայաստանում նկարահանված հարցազրույցները

Հայաստանում հարցազրույցներն արվել են նույն շրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին, բոլորովին այլ թեմայով ֆիլմի համար: Հարցազրույցներն անցկացրել է իսպանական TPTM Media Spain ֆիլմարտադրող կազմակերպության տնօրեն, պորտուգալացի լրագրող Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը (Carmen Dolores Francisco Marques)։ Նա հարցազրույցների կազմակերպման և նկարահանման համար դիմել է Հայաստանում ֆրիլանս ֆիլմարտադրող Միքայել Դիշունցին:

Վերջինիս խոսքով, իր հետ կապ են հաստատել Բուլղարիայից (Դիշունցը հրաժարվել է բացահայտել անունները կամ կազմակերպությունը) և առաջարկել են համագործակցել իսպանական TPTM Media-ի լրագրող Կարմեն Մարկեսի հետ՝ հարցազրույցներ կազմակերպելու և նկարահանելու համար։ Առաջարկին Միքայել Դիշունցը համաձայնել է։ Մարկեսը ներկայացրել է Հայաստանի մասին ծրագրված ֆիլմի նկարագրությունը և մարդկանց ցանկ, ում հետ ցանկանում էր հանդիպել հարցազրույցի նպատակով։

Դիշունցի խոսքով՝ ինքը հաճախ է կազմակերպում նկարահանումներ, և դա իր համար եղել է հերթական պատվերներից մեկը, իսկ կազմակերպությունը (TPTM Media Spain SL) լուրջ տպավորություն է թողել, ուստի կասկածելի չի եղել իր համար։

«Իմ աշխատանքը կայացել է ներկայացված ցանկի մարդկանց հետ կապ հաստատել, պայմանավորվել հարցազրույցի համար ու տեսանկարահանել հարցազրույցները։ Մենք լրիվ ուրիշ թեմայով հարցազրույցներ ենք կազմակերպել ու այստեղ պարզապես ապահովել ենք օպերատորի, լուսավորողի ու թարգմանչի աշխատանքը»,- պատմում է Դիշունցը։

Իրեն ուղարկված ցանկում մոտ տասը հոգու անուն է եղել, որից Դիշունցը կարողացել է խոսել ու պայմանավորվել միայն չորսի հետ։ Ինչպես Միքայել Դիշունցը, այնպես էլ Կարմեն Մարկեսը հրաժարվել են մեզ ասել,  թե ի սկզբանե ում հետ պետք է կազմակերպվեին հարցազրույցները։ Հայաստանում նկարահանումները տևել են 5 օր։ Ֆիլմի հրապարակումից հետո, որտեղ ընդգրկված էին նաև Հայաստանում արված հարցազրույցները, Դիշունցը կապվել է Կարմեն Մարկեսի հետ՝ պարզաբանման համար։

«Անցկացված հարցազրույցները Ռուբեն Վարդանյանի մասին չեն եղել, միայն ընթացքում լրագրողը (Կ. Մարկեսը – հեղ.) նաև Ռուբեն Վարդանյանին վերաբերող հարցեր է տվել։ Հրապարակված ֆիլմը որևէ կերպ չի առնչվում ի սկզբանե նկարագրված ֆիլմի հետ»,- ասում է Դիշունցը։

Կարմեն Մարկեսը Դիշունցին ասել է, թե իբր TPTM Media-ն ֆինանսական խնդիրների պատճառով թողել է ֆիլմի նախագիծը ու ստիպված է եղել վաճառել տեսանյութերը։

Ո՞վ է Կարմեն Մարկեսը

«Հետքը» խոսել է հարցազրույցներն անցկացրած լրագրողի՝ Կարմեն Մարկեսի հետ, որի խոսքով՝ TPTM Media-ն կիսատ է թողել ֆիլմի նախագիծը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին։

OC Media-ի տրամադրության տակ հայտնված ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ Կարմեն Մարկեսը եղել է արտադրության առանցքային դերակատարներից մեկը։ OC Media-ն նաև պարզել է, որ Մարկեսը աշխատել է թուրքական պետական TRT World լրատվամիջոցում՝ որպես պրոդյուսեր։

Կարմեն Մարկեսն անցած տարվա փետրվարին կապ էր հաստատել «Հետքի» լրագրողներից մեկի հետ, ներկայացել էր որպես TPTM Media-ի բովանդակության մենեջեր ու առաջարկել համագործակցել այլ թեմայով վավերագրական ֆիլմի արտադրության շրջանակներում։ Մարկեսի հետ նամակագրության արդյունքում «Հետքի» լրագրողը, կասկածելի համարելով նրա գործունեությունը, հրաժարվել է համագործակցել։ Նույն թեմայով, որի առաջարկով դիմել էր Մարկեսը, ֆիլմ է հրապարակվել AnewZ լրատվամիջոցում հունվարի 16-ին՝ Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմից շուրջ մեկ ամիս անց։ Այս փաստերը թույլ են տալիս ենթադրել, որ Կարմեն Մարկեսը նկարահանումները կատարել է հենց AnewZ-ի համար:

Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմի հրապարակումից հետո «Հետքը» կապ էր հաստատել Մարկեսի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Նա հրաժարվել է պարզաբանել, թե ինչու է TPTM Media-ն հայտարարել, որ «թողել է նախագիծը», և ինչպես են Հայաստանում արված հարցազրույցները հայտնվել ադրբեջանական ֆիլմում՝ պատճառաբանելով, թե դա իր ընկերությանը վերաբերող գաղտնի տեղեկություն է։

Հարցին, թե ինչպես է ընտրել մարդկանց, որոնց հետ կազմակերպել են հարցազրույցները, Մարկեսը պատասխանել է, որ դա նույնպես գաղտնի տեղեկություն է, ու ինքը չի պատրաստվում բացահայտել իր աղբյուրները։

«Ես խնդրել եմ ինձ տալ անուններ, ում հետ որ պետք է անեի հարցազրույցները, ես չգիտեմ Հայաստանը, և ես արել եմ հարցազրույցները նրանց հետ, ում հետ որ ինձ ասել են անել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ նախագիծը թողնելուց հետո ինքը տեղյակ չի եղել տեսանյութերի ճակատագրից, բայց իր կարծիքով՝ «մատերիալը շուկա է գնացել, և տրվել է ինչ-որ մեկին կամ դիստրիբյուտորի, որտեղից էլ ադրբեջանցիները գնել են այն»։

Հարցին, թե ինչպես էր հնարավոր այդ տեսանյութերի վաճառքը, եթե Հայաստանում հարցազրույց տված անձինք համաձայնել են խոսել կոնկրետ ֆիլմի համար, Մարկեսը պատասխանել է․

«Երբ ես արել եմ հարցազրույցները, նրանք ստորագրել են փաստաթուղթ, որտեղ համաձայնել են, որ հարցազրույցները կարող են օգտագործվել տարբեր տեղերում, դիստրիբյուտորի կարող են փոխանցվել։ Օրինական տեսանկյունից, նրանք (հարցազրույց տված անձինք) ոչինչ չեն կարող անել»,- ասել է Մարկեսը մեզ հետ զրույցում։

Սակայն, երբ խնդրեցինք ցույց տալ այդ փաստաթուղթը, Մարկեսն ասաց, որ դա նույնպես գաղտնի տեղեկություն է ու հրապարակման ենթակա չէ:

Միքայել Դիշունցի խոսքով՝ հարցազրույց տված անձինք տեսանկարահանումները ֆիլմում օգտագործելու գրավոր համաձայնություն են տվել, ինչը չի կարող դրանց վաճառքի մասին կետ պարունակել։ Հայաստանում հարցազրույց տված անձինք նույնպես նշում են, որ իրենք որևէ համաձայնություն չեն տվել իրենց հարցազրույցներն այլ, այդ թվում՝ ադրբեջանական ֆիլմում օգտագործելու կամ դրանք որևէ մեկին վաճառելու համար, համաձայնությունը եղել է կոնկրետ ֆիլմի համար։

TPTM Media-ին պաշտոնական հարցում ուղարկելուց և պատասխան չստանալուց հետո  փորձել ենք կապ հաստատել TPTM Media-ի կայքում (https://www.tptm-media.com/, կայքը հիմա չի գործում) որպես այս ընկերության աշխատող ներկայացվաած Հելենա Ավիլեսի (Helena Aviles) հետ՝ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով։ Մեր այս հարցումներից հետո Կարմեն Մարկեսը մեզ նամակ է գրել՝ պաշտոնապես ներկայանալով որպես TPTM Media-ի ղեկավար ու հորդորելով չանհանգստացնել ընկերության աշխատողներին ու ֆիլմի շրջանակներում իրենց հետ համագործակցած որևէ մեկի։

TPTM Media Spain SL սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնվել է 2020 թվականի փետրվարին: Բաց աղբյուրների համաձայն՝ Կարմեն Դոլորես Ֆրանցիսկո Մարկեսը այս ընկերության տնօրենն է ստեղծման պահից: Այս փաստը Կարմեն Մարկեսը թաքցրել է մեր առաջին խոսակցության ընթացքում՝ ներկայանալով որպես TPTM Media-ի լրագրող ու ընկերության Լոնդոնի մասնաճյուղի ղեկավար:

Կարմեն Մարկեսը մեզ միաժամանակ գրել է, որ ինքը երբևէ չի պնդել, թե ֆիլմի նախագիծն ընկերությունը թողել է ֆինանսական խնդիրների պատճառով՝ այսպիսով հակասելով ինքն իրեն։

Մարկեսը հավելել է, որ ֆիլմի հետ կապված բոլոր հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ ֆիլմը հրապարակած ադրբեջանական լրատվամիջոցին, և որ ինքը կամ TPTM Media-ն որևէ պատասխանատվություն չունեն կատարվածի համար:

Հավատարմագրվելը պարտադիր է 

«Հետքը» հարցում է ուղարկել ՀՀ արտգործնախարարություն՝ տեղեկանալու, թե արդյոք TPTM Media Spain ընկերությունից որևէ մեկը, Կարմեն Մարկեսը կամ հենց ընկերությունը դիմել են ԱԳՆ-ին՝ Հայաստանում հավատարմագրում ստանալու, հարցազրույցներ անելու կամ ֆիլմարտադրության նպատակով: Արտգործնախարարությունը հայտնել է, որ նման դիմում չի ստացել:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ ՀՀ այցելող, օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի  գործունեությունը Հայաստանում պետք է բացառապես իրականացվի ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում։

Մենք հարցրել ենք Կարմեն Մարկեսին, թե ինչու ինքը կամ ընկերությունը չի դիմել հավատարմագրման համար: Նա այս հարցին չի արձագանքել: Միայն պահանջել է այլևս չփորձել կապ հաստատել իր հետ:

«Հետքը» պաշտոնական մեկնաբանություն է խնդրել նաև ադրբեջանական լրատվամիջոցից, թե ինչպես են այլ ֆիլմի համար նախատեսված հարցազրույցները հայտնվել Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմում: Սակայն լրատվամիջոցը չի արձագանքել նամակին:

Շարունակությունը՝ սզկբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/Հետք

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն