Եկեղեցին կարգալույծ քահանայից պահանջում է հանձնել Հովհաննավանքն ու բնակարանի բանալիները. հայց է ներկայացվել դատարան | hetq.am

hetq.am  Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին երեկ՝ 2026թ. հունվարի 22-ին, երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ քահանա) դեմ։

Հայցերից մեկով Եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը (այդ թվում՝ բնակարանի բանալիները)՝ վտարելով Ստեփան Ասատրյանին (իր հետ բնակվող անձանց) նշված բնակարանից։

Երկրորդ հայցով պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հետ վերադարձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի Հովհաննավանքի եկեղեցին (այդ թվում՝ Եկեղեցու բանալիները)՝ արգելելով Ստեփան Ասատրյանին մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։

Բացի այդ պահանջվում է բռնագանձել դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը։ Եկեղեցու շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք՝ 2025թ. հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության համաձայն՝ տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացություն։

Մասնավորապես՝ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ և այլն։

Արամ Ասատրյանը չի ընդունում իրեն կարգալույծ հռչակելու կաթողիկոսի տնօրինությունը։ Նա շարունակում է պատարագներին մատուցել Օհանավան գյուղում գտնվող Հովհաննավանքում։

Արամ Ասատրյանը նաև այն քահանաներից է ով միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցին «բարենորոգելու»գործընթացին։ Նա հրաժարվում է հանձնել եկեղեցու կողմից օգտագործման իրավունքով ստացած բնակարանի բանալիները, ինչն էլ հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել։

Բնակարանը հանձնելու գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին, իսկ եկեղեցու բանալիները հանձնելու գործը՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։ Երկու գործերով էլ վարույթ ընդունելու հարցը դեռ որոշված չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն